Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշների, սրանց ասաց․ «Կտամ ձեզ դրամ ու ինչք թագավորական գանձարանից ձեր կյանքի ու ապրուստի համար, բայց պայման կդնեմ և այս պայմանով կտամ։ Պայմանը այս է․ ինչ որ տալիս եմ, ձեզ փոխարինաբար եմ տալիս երեք տարի ժամանակով, երեք տարի հետո պետք է մեզ վերադարձնեք։ Եվ այս փոխը ոչ թե շահով ու տոկոսով եմ տալու, այլ առանց շահի, որպեսզի դուք այդ առած դրամով առևտուր անեք, շահեք և նույն շահը կպարգևի ձեզ, որ չմնաք նեղությունների մեջ, այլ հիմք լինի ձեզ առևտրի, շահելու և նրանով ապրելու։ Երեք տարին լրանալուց հետո պարտքի գլուխը [պարտքը առանց տոկոսի] նորից կվերադարձնեք թագավորի գանձարանին, որովհետև դա թագավորական գանձ է, որը չպետք է կորչի թեկուզ մեկ կոպեկ։ Եվ երբ ամբողջը կվճարեք, կառնեք ազատության ու վճարման թուղթ, այսինքն՝ ղաբս[1]։

Արդ՝ ձեզնից ամեն մեկը, ով էլ որ առնի թագավորական դրամից, երբ բերի առած դրամը և վճարի թագավորի գանձարանին, ազատ կլինի։ Իսկ եթե լինի մեկը, որ առած դրամը չվճարի, այլ դրամը կերած, վատնած, կորցրած լինի և որևէ բան չունի, որ վճարի, արդ՝ այդպիսին դրամի փոխարեն կամ իր հավատից պետք է դառնա մահմեդական և կամ որդուն, դստերը պետք է տա, որ լինեն թագավորական ծառա»։ Սրանց գինն էլ հայտնեց․ ուստրի գինը ասաց չորս թուման, դստերը՝ երեք․ ով դրամ չունի տալու, չորս թումանի փոխարեն որդուն կտա, երեք թումանի փոխարեն դստերը։

Այդ պայմանով շահը ժողովրղի այս երկու խմբերին չորս հարյուր թուման տվեց, որպեսզի երեք տարի առևտուր անելով շահեն, երեք տարուց հետո վերադարձնեն թագավորի գանձարանին։

Իսկ հարբեցող, անխելք, անմիտ, անբանական մարդիկ ոչ սկզբում մտածեցին, ոչ էլ վերջին նայեցին, թե ինչ է լինելու այս գործի վերջը. այլ, լինելով իբրև անբան ու անմիտ անասուն, գնացին առան թագավորական դրամը, որը օձի մահարար թույն էր և նրանց կորստյան պատճառ։ Նրանք չմտածեցին, թե այդ դրամը օձի մահացնող փուշ է։ Այլ երկու

  1. Արաբ․ անդորրագիր։