ու շների», գազաններ, որ այնտեղ կապած պատրաստ պահում էին։ Իսկ Ղրխյալան մելիքը ահարկությունից, թագավորական ատյանի ամոթից, տանջանքների երկյուղից, թե խոստումների գայթակղությունից հանձն առավ կատարել թագավորի հրամանը, որ և հենց այնտեղ իսկ նրան դավանեցրին Մահմեդի հավատը՝ մահմեդական դարձավ։ Իսկ իշխանները և այլ մահմեդականներ սկսեցին նրան գովել ու ասել. «Այդ շատ լավ արիր, որ երկար ճշմարիտ հավատքի և ի լրացում դրա դու պետք է քո ողջ ժողովուրդը բերես այս հավատքին»: Իսկ Ղրխյալան մելիքը սկսեց անիմաստ անգետ բարբաջանքներով խոսել և խոսելու հետ տեր Բաղդասարին մատնել։ Քանզի նա ասաց. «Այն կարծիքին եմ, որ ողջ ժողովուրդը բոլորը կդառնան ու դիմադարձ չեն կանգնի, թե դիմադարձ կանգնի։ Բաղդասար երեցը միայն դիմադարձ կկանգնի։ Իսկ եթե նա դառնա, ամբողջ ժողովուրդը կդառնա»։
Այս մահահրավեր լուրը, դառնահամրավ բոթը այն իսկ երեկոյան հասավ Բաղդասար քահանային և ժողովրդին, որոնք սարսափից հասան դժոխքի դռները։
Իսկ Բաղդասար քահանան այն գիշեր հույսն ու հավատը արիական հաստատամտությամբ իր մեջ ամփոփելով ողջ քրիստոնյա ժողովրդին հավաքեց աղոթքի տանը, որ այնտեղ իջևանատանը հաստատել էին, սկսեց ժողովրդին աստծու մարդասեր գթությունն ու ողորմածությունը քարոզել, ինչ որ գիտեր։ Եվ ամենին հորդորեց աղոթքներով, աղաչանքներով, բազմահառաչ ու մեծաձայն ողբերով, աղբյուրահոս արտասուքներով դյուրալուր ու անոխակալ տիրոջից խնդրել, որ նա ներողամտության գութի փոխի իրենց դեմ թագավորի սրտի բարկությունն ու ցասումը։ Ամբողջ ժողովուրդը մեծ պաղատանքով մինչև առավոտ կանգնած էր այնտեղ աղոթատանը տիրոջից գութ ու ողորմություն խնդրելու համար։
Եվ ինքը Բաղդասար քահանան երեկոյան սկսեց ցայգապաշտամունքային սաղմոսերգությամբ գիշերային աղոթքներ կատարել և այնտեղ ժողովրդին խոստովանեցնելով մատնացույց արեց աստվածային պարգևը՝ հաղորդեց արժանավորներին աստվածորդու պատվական մարմնից ու արյունից։ Եվ վաղ առավոտյան, մինչ չէին բաժանվել լույսն ու խավարը, բոլոր աղոթական կարգերը ավարտի բերին, վերջացրին։