Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ»։[1] Նույն ինքը նաև այժմ նայեց սրանց հավատքին և գիշերապաշտումային արտասվալից աղոթքներին և իջեցրեց թագավորի բարկությունը, որի հետևանքով ազատվեցին տեր Բաղդասարն ու ժողովուրդը երկու վտանգից՝ տանջանքներից և ուրացությունից։ Այնուհետև թագավորի պարտքի մնացորդը վճարեցին, առան ազատության թուղթ, և գոհանալով տիրոջից, մնացին խաղաղ:

Երբ այս ամենը կատարվեց ժողովրդի նկատմամբ, նրանք ժողովրդի մի մասին, նաև մելիքներին դարձրին մահմեդական։ Այնուհետև վերոհիշյալ ֆռանկ եպիսկոպոսը եկավ Շահ-Աբաս թագավորի մոտ, ասաց. «Քեզ հետ դատարանով խոսելիք ունեմ, որովհետև դու քո տված պարտքը պահանջեցիր հայերից, նրանք ոչինչ չունեին, որ վճարեին, իսկ ես քրիստոսական հավատի համար նրանց փող տվի, որպեսզի քո պարտքը տան և մնան Քրիստոսի հավատին. այդ դրամը նրանք բերին տվին քեզ և վճարեցին քո պարտքերը։ Իսկ դու փողը առնելուց հետո չթողեցիր նրանց Քրիստոսի հավատին, այլ դարձրիր ձեր հավատին։ Որովհետև այդպես արիր, դատաստանական իրավունքը հաստատում է իմ տված դրամի համար, որ ինձ վերադառնա։ Արդ՝ խնդրում եմ արքայից, որ իմ դրամը ինձ վիրադարձնի»։ Իսկ թագավորը մտածեց, տեսավ, որ եպիսկոպոսի խոսքը իրավացի էր, երկու հարյուր թուման դրամը վերադարձնելով եպիսկոպոսին՝ վճարեց նրան։

Իսկ Ղարաբաշ մելիքն ու այն ժողովուրդը, որոնց բռնությամբ շահը մահմեդական դարձրեց, միայն այն եղավ, որ այնտեղ ատյանում մահմեդականների դավանության խոսքը ասացին, դրանից հետո էլի մնում էին Քրիստոսի հավատին՝ ուրացության խղճի տանջանքից է՜լ ավելի հաստատուն, քան առաջ էին։ Որովհետև երեխաներին մկրտում էին. մեռելներին քահանաներով էին թաղում, միշտ եկեղեցի գնալով աղոթում էին, խոստովանելով հաղորդում էին, իսկ մահմեդականների վեճը չէր դրանց այդպես անելու համար։ Իրենցից հետո իրենց բոլոր զավակները այժմ քրիստոնյա են և քրիստոնյա ժողովրդի մեջ են բնակված։

Իսկ Ղրխյալան մելիքի խղճմտանքը առավել դատապարտելով

  1. Մատթ․ ԺԸ 20։