Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձանձրացավ և ասաց. թողնում եմ ձեզ ձեր կամքին, գնացեք, ձեր հավատը պաշտեցեք։ Եվ Գրիգորը աղաչում-պաղատում էր, ծունկի գալով ու լացով խնդրում էր շահին ու ասում, թե այդ հրամանը, որ բանավոր ես ասում, մի մատ թղթի կտորով մեզ շնորհիր։

Եվ մի օր, երբ շահը իր ապարանքից ելած գնում էր Հազարաջրիբ այգին, ասացին, թե հինգ անգամ եկավ շահի առաջ ու նույն թուղթը խնդրեց, որի անձանձիր խնդրանքից շահը ձանձրացավ, թագավորական կնիքով հրովարտակ գրեց, տվեց Գրիգորին՝ թե հրաման տվի Փարիայի ու Բուրվարի գավառներում բնակվող բոլոր քրիստոնյաներին, որ համարձակորեն պաշտեն իրենց քրիստոնեական կրոնը։

Սրանից հետո Գրիգորը շահից խնդրեց, որ այցելության գալով խղճա թագավորը և իրենց շնորհի իրենց գրքերը, որոնք հափշտակել տարել են։ Արքան այդ էլ շնորհեց նրանց, Գրիգորն ու իր ընկերները առան հրովարտակն ու իրենց գրքերը և ուրախությամբ գնացին գավառ իրենց ժողովրդի մոտ։

Այս պատճառով Շահ-Աբաս թագավորը տուգանք դրեց քրիստոնյաների վրա՝ ասելով. «Որովհետև չհնազանդվեցին թագավորի հրամաններին, պետք է թագավորի դիվանին հազար թուման տուգանք տան։ Եվ իր երևելի, առաջակա իշխաններից Խոսրով սուլթան կոչված մեկին նշանակեց վերակացու, որ ժողովրդից առնի, հանձնի թագավորի գանձապահներին։ Խոսրով սուլթանը շատ զինվորներով եկավ, արեց ու կատարեց թագավորի հրամանները։

Եվ խեղճ քրիստոնյաները քրիստոնեական հավատի համար այս հազար թումանը և այն պարտքը, որ Գրիգորն ու իր ընկերները Սպահանում արին, և այլ եղած ծախքեր՝ բոլորը վճարելով հատուցեցին ու դարձան հույժ աղքատ ու չքավոր, բայց մնալով Քրիստոսի հավատին՝ ուրախ են և գոհանում են տեր աստծուց։

Իսկ այս Գրիգորը օրավուր զորանում էր հավատի ու բարեգործությունների մեջ. նաև ուրիշներին էր հաստատուն պահում Քրիստոսի հավատի վրա և նախանձախնդիր էր քրիստոնեական կրոնին։ Սրան նախանձեցին արյունարբու մահմեդականները և մահվան զրպարտանք բարդեցին Գրիգորի վրա, քանզի իրենց ժողովրդից մի մահմեդականի իրենք սպանեցին,