ծածուկ տարան գցեցին Գրիգորի արտը։ Եկան դատախազները, սուտ վկաներ բերին կանգնեցրին, թե Գրիգորն է սպանել այս մեռյալին։ Եվ առան տարան իրենց անիրավունք դատարանը դատավորների առջև։ Սրա վերաբերյալ վճիռ կտրեցին, թե որովհետև սա է այդ արել, կամ պետք է (հավատը) ուրանա, կամ սպանվի։ Եվ այս զրպարտությամբ դատապարտելով՝ սպանեցին քրիստոսասեր Գրիգորին։ Նրա մասին շատերը վկայեցին, թե տերը փառավորեց նրան երկնքի լույսի երկնային հրաշքներով։ Նրան թող Քրիստոսը տա իր խոստացած արքայությունը, իսկ մեզ ևս ընդունի իր սրբերին մասնակից լինելու իր ողորմությամբ. ամե՛ն։
Շահ-Աբաս առաջին արքան շատ սիրեց Ֆահրապատ քաղաքը, այդ պատճառով բոլոր երկրներից ժողովուրդ հավաքեց ու լցրեց այնտեղ, որպեսզի քաղաքը մեծանա։ Իսկ ինքը, երբ ապահով էր լինում թշնամիների պատերազմից, ձմեռ ժամանակները այնտեղ էր գնում անցկացնում։ Եվ Շահ-Աբասը իր մշտական սովորության համաձայն գնում էր Ֆահրապատ։ Եղավ մի անգամ, երբ գնում էր, գնաց հասավ Ղազբին քաղաքի սահմանները, այն գավառին, որ կոչվում է Թարիմ, և գյուղին, որ անվանում են Խոռոմապատ։ Արքունի բանակը այնտեղ իջևանելով՝ բանակեց։
Իսկ Շահ-Աբասը ըստ իր մշտական սովորության, որ իրեն այլակերպելով ձևանում էր իբրև զինվորներից մեկը և գնում էր տղամարդկանց ու ժողովրդի մեջ որևէ բան իմանալու, տեղեկանալու։ Այս անգամ էլ այսպես արեց. ինքը ու իր առաջընթաց հետիոտնը [փայեկը] ամբողջ զորքից առաջ եկան Խոռոմապատ ասված գյուղը՝ իբրև հեծյալ զինվորներից մեկը։
Տեսավ գյուղի գլխավորներից ոմանց, որ կանգնած էին փողոցում և հարկահան իշխանների հետ հոգում էին արքայի