անում: Բայց ինքը՝ Մելքիսեթ կաթողիկոսը բնավ չէր հոգում Էջմիածնի շինության, պայծառության, ժամակարգության և հաստատության մասին, այլ իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաքը, կաթողիկե եկեղեցին՝ իր գլխին հավաքելով իր ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի Սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով ապրում էր։
Այն ժամանակ եպիսկոպոսներ կային Սուրբ Էջմիածնում նույն Էջմիածին գյուղից, որոնց անուններն էին Կարապետ, Մարտիրոս և Օհան, սրանց հետ և այլ եպիսկոպոսներ ու աբեղաներ. սրանք Էջմիածնի մասին էին հոգում և միշտ ցավում էին անշքության, նույնի դատարկության համար և զայրանում էին Մելքիսեթ կաթողիկոսի արարքների վրա։ Շատ անգամ աղաչանքով, բողոքով ու զայրացմամբ ասում էին՝ թե «Մի թողնիր աթոռը այսպես թափուր ու անշուք, այլ աթոռ նստելով՝ ապրիր քո ցանկության համաձայն, գոնե միայն այստեղ լինես, այդ էլ մեզ և աթոռին բավական է»։ Իսկ Մելքիսեթը հղփացած և ուռճացած պետական իշխանությամբ չէր անսում, բանի տեղ չէր դնում նրանց ասածները։ Իսկ եպիսկոպոսները սրտնեղվելով Էջմիածնի աղոտացման, անշքությամբ և իրենց խոսքերը քամահրելու պատճառով՝ բոլորը միակամ եղած հայտնեցին երկրի իշխան Ամիրգունա խանին, որոնց ամբաստանությամբ խանը բռնեց կաթողիկոսին և վաթսուն թուման տուգանք առավ։ Այս բանի վրա կաթողիկոսը վիրավորվեց խանից, ելավ, գնաց Վրաստան իբրև խանից խռոված։ Խանի իշխաններն ու բարեկամները կաթողիկոսի գնալու համար մեղադրեցին նրան, որի պատճառով խանը ոմանց ուղարկեց Մելքիսեթի հետևից իբրև հրավիրակներ՝ խոստանալով նրան պահել պատվով ու կատարել նրա բոլոր ցանկությունները։ Ապա Մելիքիսեթը դարձավ եկավ Երևան, իսկ խանը նրա սիրտը շահելու համար բռնեց եպիսկոպոսներին և տուգանք առավ։ Այնուհետև Կարապետ եպիսկոպոսը թողեց երկիրը և գնաց անապատ կրոնավորելու։ Այս այն Կարապետ եպիսկոպոսն է, որին հիշեցինք մեծ անապատի գլխում[1], թե եկավ բնակվեց Սևան կղզում։ Իսկ ինչ
- ↑ Կարապետ եպիսկոպոսը դեռևս հիշատակած չէ։ Սրա մասին պատմիչը խոսում է ԻԱ գլխում, երբ պատմում է Սևանի անապատի մասին։