Էջ:Arakel of Tabriz, History.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերում է Մարտիրոս եպիսկոպոսի, Մելքիսեթ կաթողիկոսը խնդրեց խանին, որպեսզի նրան արտաքսի Արարատյան երկրից, իսկ խանը այդպես էլ արեց․ մի զինվոր նշանակեց Մարտիրոս եպիսկոպոսին հսկող, որ նրան հսկողության տակ տարավ մինչև Հին Ջուղա, Արաքս գետը անցկացրեց այն կողմ, ապա զինվորը վերադարձավ։

Իսկ Մարտիրոս եպիսկոպոսը ոչ մի տեղ չարգելվեց, այլ գնաց Սպահան, մուտք գործեց [կաթողիկոսի մոտ] և միացավ Դավիթ կաթողիկոսին։ Օրավուր, ժամին, թե անժամանակ պատմում էր Մելքիսեթի արարքները և Էջմիածնի ավերանքներն ու ամայությունը։ Այդպես էլ ջուղայեցի ու երևանցի ժողովրդի առջև մշտապես խոսում ու տեղեկացնում էր, իսկ ջուղայեցիներն ու երևանցիները Մելքիսեթի արարքների ու Էջմիածնի ամայության համար շատ վշտացան։ Հավաքվեցին Դավիթ կաթողիկոսի մոտ և նրան ստիպեցին Էջմիածին գնալ, տիրել ու հոգալ, նրա շենությունը՝ ասելով, թե մենք քեզ ամեն գործում ու խոսքում կօժանդակենք։ Դավիթ կաթողիկոսը Սպահանից ելավ, ընդ որում և Մարտիրոս եպիսկոպոսը, եկավ Երևան քաղաքը և Էջմիածին, բայց այս օրերին, երբ շահը Գորիում բանակ էր դրել ու նստել, Դավիթ ու Մելքիսեթ կաթողիկոսները երկուսն էլ միասին Սուրբ Էջմիածնում էին։ Բայց նախանձը, ոխակալությունը, հակառակությունը քիչ չհորդացավ ու ավելացավ նրանց [կաթողիկոսների] միջև այս պատճառով։

Քանզի Դավիթ կաթողիկոսը Մելքիսեթից ավելի առաջ էր եղել կաթողիկոս և տարիքով ալևորությամբ ծեր էր. նաև Դավիթն էր Մելքիսեթին կաթողիկոս օծել, որպեսզի լինի իրեն ընկեր ու օգնական, բայց նա եղավ խոչընդոտ։ Տարիներ հետո, երբ Մելքիսեթը անունով ու կաթողիկոսական գործով առաջ գնաց, ամբողջովին կորզեց ու գրավեց կաթողիկոսական իշխանությունը, ինքն էր կառավարում, իսկ Դավթին ճնշեց, դեն մղելով հեռացրեց իշխանությունից։ Իսկ ինչ Դավիթն էր, ասում էր Մելքիսեթին. «Թեպետ ինձ հեռացրիր կաթողիկոսական իշխանությունից, բայց գոնե իմ ծերությանը գթա ու խնայիր, տուր ինձ օրվա պարենի, կերակուրի պետքերի համար միջոց ու զգեստ, որպեսզի իմ ծերության քիչ մնացած ժամանակը անցկացնեմ և մի վշտացնիր իմ