ծերությունը»։ Իսկ Մելքիսեթը գիրացած, հաստացած ու հոռացած իշխանության մեջ՝ չէր կամենում լսել Դավթին ըստ տերունական այն առակին[1], որ այրու և անիրավ դատավորի մասին պատմում է, որովհետև ինչ որ Դավիթը ասում էր, Մելքիսեթը խոսքով նրան հանդիմանում էր։ Այլև այն մարդիկ, որոնք Մելքիսեթի կողմնակիցներն էին, կամ խորհրդակիցները, կամ սպասավորները, Դավթին մարդատեղ չէին դնում, արհամարհում էին նրան. արհամարհելով անարգալից ու քամահրանքի խոսքեր էին ասում նրան, և այն էլ ոչ թե ծածուկ, այլ բացահայտ, նրա երեսին և նրա չնչին կարիքների ու պետքերի առիթով անտեղի վշտացնում էին նրան։ Երկար ժամանակվա նրանց տմարդի գործի վրա Դավիթը սաստիկ դառնացավ, որովհետև բնավ չէին մեղմանում իրենց բիրտ վերաբերմունքով։ Եվ մահու չափ վշտացավ հոգով. այնուհետև թախծոտ սրտով ելավ, գնաց Գորի՝ շահի բանակատեղը, որպեսզի ներկայանա շահին, ամբաստանի Մելքիսեթ կաթողիկոսին։ Այս ժամանակ շահը տակավին Վրաստանում էր՝ Գորի քաղաքի մերձակայքում բանակել, նստել էր։ Շահը երկու կաթողիկոսին էլ քաջածանոթ էր, բայց Դավթին ավելի լավ էր ընդունում, քան Մելքիսեթին, որովհետև երբ շահը մեծ աքսորը կատարեց, երկու կաթողիկոսներն էլ գնացին աքսորանքի հետ. և երբ հասան Ահար ու Մուշկուն կոչված գավառները, այնտեղից Մելքիսեթը առանց շահի գիտության վերադարձավ Երևան, Էջմիածին և կաթողիկոսական իշխանությունը վարում էր առանց շահի հրամանների։ Իսկ Դավիթ կաթողիկոը աքսորանքի հետ գնաց Սպահան և այնտեղ Սպահանում շատ անգամ հանդիպեց շահին, իսկ շահը նրա հետ գութով ու քաղցրությամբ էր խոսում, մինչև անգամ շահը հայր էր կոչում նրան՝ թե կեղծավորությամբ, թե իրոք։ Արդ Մելքիսեթի Երևան վերադարձը շահին ծանր թվաց, իսկ Դավթի Սպահան գնալը նրան դուր եկավ, դրա համար շահը ավելի լավ էր ընդունում Դավթին։
Իսկ Դավիթ կաթողիկոսը գնաց, հասավ արքունի բանակը և մի օր եկավ, ներկայացավ շահին, և երբ շահը տեսավ նրան, նախկին գութով ու քաղցրությամբ էր խոսում նրա հետ, հարցնում էր, թե ինչպե՞ս ես ապրում քո կյանքում՝
- ↑ Ղուկ․ ԺԸ 1-6։