դյուրությամբ ու անդորրությա՞մբ։ Դավիթը պատասխանելով ասաց. «Թագավոր, հավիտյան կեցցես, թեպետ ինձ նեղողներ ու դառնացնողներ կան, բայց տեսնելով քո դեմքի քաղցրությունն ու վայելչությունը և քո խոսքերի մխիթարությունը, իմ բոլոր վշտերը մոռացվում ու փարատվում են»։ Շահը հարցրել է, թե ո՞վ է այն մարդը, որ քեզ վշտացնում է. Դավիթը այլազգիների լեզվով է պատասխանել․ «սմուկ սաթան խալիֆեն», որ նշանակում է՝ ոսկորներ ծախող կաթողիկոսը. «սմուկ սաթան» ասելով սկսել է ամբաստանել Մելքիսեթին, նրա արարքները հիշատակել է շահի առջև, որ սրբուհի Հռիփսիմեի նշխարները կաշառքով ֆռանկներին թույլ է տվել տանելու։ Այլև ուրիշ մարդիկ ասացին, թե Դավիթը այս խոսքն էլ է ասել շահի ներկայությամբ. «Եթե Լուսավորչի աջը և Էջմիածնի քարերը չգնան Սպահան, անհնար է, որ հայ ազգը Սպահանում մնա»։ Երբ շահը լսեց նշխարները ծախելու մասին, հետաքրքրվեց ու տեղեկացավ ամեն մանրամասնություններին և Մելքիսեթի արարմունքների վրա տխրեց, ցասմամբ ու զայրացմամբ բորբոքվեց, այնքան, մինչև որ Մելքիսեթին պատժի ու տանջանքի մատնեց։
Այդ ժամանակ շահը իր մոտ տարավ Ամիրգունա խանին, երբ Վրաստանում էր, ասելով, թե կգաս մեզ մոտ, կմնաս պատերազմական գործողությունների մեջ ընդդեմ մեր թշնամիների։ Եվ նա գնաց Վրաստան, գտնվում էր շահի բանակում, իսկ շահը Ամիրգունա խանին իբրև փոխանորդ ու տեղապահ ուղարկեց նրա որդուն, որի անունն Էր Թահմազղուլի բեկ։ Սա եկավ Երևան քաղաքը, մտավ բերդը, և այնտեղ նստելով պահպանում էր երկիրը։
Իսկ շահը մեծ ցասումով հրամայեց արքունի հրամանների հրովարտակ գրել Թահմազղուլի բեկին և ուղարկել Երևան նրան։ Գրված խոսքի բովանդակությունը հետևյալն էր. «Թահմազղուլի, հրամայված է քեզ, որ Մելքիսեթ կաթողիկոսին բռնես և տանջանքներով չարչարես, իր իսկ մարմնի միսը կտրես, իրեն ուտեցնես։ Ապա Մելքիսեթին կապանքով և հայոց ազգի լուսավորչի աջը այստեղ ինձ ուղարկես»։ Այս գրությունը տվին Նազգի բեկ անունով մի իշխանի, որ շտապ հասցրեց Երևան Թահմազղուլի բեկին։ Թահմազղուլի բեկը շտապ ձեռք գցելով բռնեց Մելքիսեթ կաթողիկոսին և սկսեց