Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես որ էր կաթողիկոսի ինքնագիրը, թե երեք հարյուր թուման կտամ և ուրիշ ոչինչ։ Բայց շահը գրել էր, թե՝ «Մելքիսեթ կաթողիկոսը խնդրեց Էջմիածնի կաթողիկոսությունը և խոստացավ տարեկան հարյուր թուման տուգանք տալ թագավորի դիվանին, որի համար էլ մենք նրան շնորհեցինք կաթողիկոսության իշխանությունը, որպեսզի նա կաոավարի»։ Շահի այսպես գրած լինելը ոչ ոք չգիտեր՝ ոչ կաթողիկոսը, ոչ էլ հայերից մեկ ուրիշը, և երբ իմացան, ոչ ոք չկարողացավ որևէ բանով օգնել, որովհետև անկարելի էր կեղծել այնպիսի գոռոզ թագավորի հրամանը, և կամ գրածը հանել թագավորական ու դիվանական մատյաններից, որոնցում գրված էր։

Մինչև այստեղ պատմությանս երկրորդ ճյուղն է, որ ոմանք այսպես պատմեցին, իսկ դու [ընթերցող] ընդունիր, որը որ հավանական ես համարում, կամ, որը որ երկու պատմություններից քո մտքի տեսությունը կհավանի։

Արդ՝ թե այսպես, թե այնպես ստույգ ու հաստատ հարյուր թուման տուգանք գրվեց Մելքիսեթ կաթողիկոսի վրա, որ պետք է տար թագավորին տարեցտարի, և այս պատճառով տուգանքը ընկավ Էջմիածնի Սուրբ աթոռի վրա, և աթոռը մնաց պարտքի տակ։ Սա եղավ ծանր բեռ և տաժանելի լուծ, անխզելի շղթա Սուրբ աթոռ Էջմիածնի վրա զուր ու անտեղի, իսկ հայոց ամբողջ ազգին [պատեցին] անմխիթար սուգ անփարատելի տրտմություն՝ թե եկեղեցականներին, թե աշխարականներին։

Իսկ Մելքիսեթ կաթողիկոսը կապանքներից արձակվելուց և կաթողիկոսական իշխանությունը առնելուց հետո, մեծ ջանքերով աշխատում էր խոստացած հարկը վճարել, որպեսզի ազատվի․ այս պատճառով ելել է շրջագայության հայ ժողովրդի մեջ ժողովքի համար․ նախ գնացել է Թիֆլիս, այնտեղից՝ Թավրիզ, այնտեղից՝ Սպահան։

Երբ տարին բոլորեց, շահը անմոռաց միտն էր պահում այն, դրա համար իր թագավորական ծառաներից չորս գլխավոր մարդիկ, որոնց անուններն էին Զիալ բեկ, Ասադ բեկ, Չրաղ բեկ, Բահրամ բեկ, ուղարկեց Մելքիսեթի մոտ, թե տուգանքը, որ խոստացար տալ, արքունի դիվանին, տուր թագավորական ծառաներին իրենց նշանակված ռոճիկների դիմաց։