Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ սա եղավ դառնագին փորձանք ու աղետ անխզելի անուր կաթողիկոսարանի համար, որովհետև բեռը բարձվեց բեռան վրա։ Որովհետև առձեռն պատրաստ դրամ չկար, որ տային ծառաներին, այս պատճառով ծառաները բեռ էին մնում կաթողիկոսի վրա իրենց ծառաներով ու ձիերով. և իրենց կերակուրի և այլ կարիքների բոլոր պիտույքները կաթողիկոսից էին առնում։

Իսկ կաթողիկոսը թագավորական տուգանքի և այս ծառաների պետքերի համար ելնում ու շրջում էր հայերի մեջ, իսկ ուր որ շրջում էր կաթողիկոսը, ծառաները նրա հետ շրջում էին: Սրանք ծանրանում էին ժողովրդի վրա իրենց տեսակ-տեսակ կարիքներով՝ իրենց և իրենց ձիերի: Իսկ նրանց ամենօրյա սեղանը առանց գինու չէր. նրանց ծախսերը քիչ չէին, ժամանակները անցկացնում էին միշտ գինարբության մեջ։

Ամբողջ երկրում ու ժողովրդի մեջ իր շրջագայության ժամանակ կաթողիկոսը ուր էլ լիներ, իրավամբ իր հասույթն էր առնում, բայց երբ այն չէր բավականացնում իր ու ծառաների և տուգանքի ծախսերը, անպարտ մարդկանց՝ լիներ եպիսկոպոս, աբեղա, քահանա, թե աշխարհական, բռնում էր սրանց առանց որևէ պարտքի ու վնասի, անիրավաբար պատճառներ էր կցմցում նրանց վրա և դրամ էր պահանջում, հանձնում էր ծառաների, զինվորների ձեռքը, որոնք նրանց կախում էին ոտքերից և բրածեծ անում, մինչև որ իրենց ցանկացածի չափ դրամ էին առնում, ապա արձակում էին։

Նաև՝ այս պատճառով բազմաթիվ անկարգություններ ու օրինազանցություններ մտան հայոց ազգի մեջ՝ կաշառքով անարժան մարդկանց ձեռնադրություն տալ թե եպիսկոպոսների, թե քահանաների, կաշառքով սեփական վիճակից այս վանքից կտրել, ուրիշ վանքի շնորհել, չհասի, ապօրինի պսակի կնաթողության, երկակնության համարձակ հրաման տալ ամուսնության։ Սրանք և սրանց նման բազմաթիվ անկարգություններ էին գործվում։ Կաթողիկոսը և իր եպիսկոպոսները ոգի ի բուռն ջանք էին թափում, թե իրավամբ, թե անիրավությամբ հնարքներ էին մտածում ժողովելու ինչքեր. որ թերևս բավականացնի իրենց, ծառաների ու տուգանքի