նստող տարեկան հինգ հարյուր ղուռուշ տա Սահակ կաթողիկոսին իր օրվա ծախսերի համար։ Արդ՝ այսպես և այս օրինակով բազում ու շատ անգամ ջանք թափեցին և Սահակ կաթողիկոսին ու Պողոս վարդապետին հորդորեցին խաղաղության, բայց նրանք չհամաձայնվեցին։
Եվ Մովսես կաթողիկոսը, որ Էջմիածնում էր, և Փիլիպոս վարդապետը, որ տակավին Վանում էր, սրանք էլ յուրաքանչյուրը իր տեղից հորդորական թուղթ գրեց Սահակ կաթողիկոսին ու երևելի մարդկանց միջոցով ուղարկեցին, որ դադարեցնի խռովիչ գործը։ Նաև նամակ գրեցին նրանց բարեկամներին, որպեսզի սրանք համոզեն Սահակին՝ գա խաղաղության, իրենք կկատարեն նրա կամքը, ինչ որ պահանջի՝ իսկ Սահակ կաթողիկոսը և Պողոս վարդապետը բնավ չասացին, այլ իրենց կողմից խնդրագիր գրեցին և Յաղուբ փաշայի միջնորդությամբ հասցրին վեզիրի ձեռքը, իսկ խնդրագրի բովանդակությունը հետևյալն էր. «Հայտնի լինի մեծ ու անպարտելի տերության հզորիդ, խնդրում ենք, որպեսզի շնորհես մեզ հայոց ազգի կաթողիկոսական իշխանությունը։ Եթե այս բանը հաճո լինի վեհիդ, և մեզ արժանացնես այս սպասավորությանը մենք արքունի գանձարանին տարեցտարի յուրաքանչյուր տարում կտանք տաս հազար ղուռուշ, որ տարի առ տարի կտանք»։ Նաև՝ այս գործի համար թագավորից նույնպես հրամանագիր խնդրեցինք և նա պարգևեց, որն ահավասիկ ունենք մեզ մոտ։ Եվ այդ քո մեծությունից ևս խնդրում ենք, որպեսզի մեր գործը քո հովանավորությամբ հաստատուն լինի»։ Այս խնդրագիրը Յաղուբ փաշան ներկայացրեց վեզիրին, վեզիրը կարդաց, մտքով համաձայնվեց, բայց խոսքով ոչինչ չասաց։
Մի այլ օր այն մարդիկ, որ Էջմիածնի կողմից էին, նույնպես խնդրագիր գրեցին և մի պատշաճ ժամի ներկայացրին վեզիրին. խնդրագրի բովանդակությունը հետևյալն էր. «Խնդրում ենք հզորիդ աշխարհաշեն ու խաղաղասեր տերությունից, որպեսզի մեր աղքատ ու տառապյալ ժողովուրդը չմատնես դրանց ձեռքը, որովհետև դրանք իրենց փառամոլության ու ագահության համար խեղճ հպատակների կենթարկեն ծանր հարկի, որ ժողովրդի համար ծանր տուգանք է, իսկ գործողների համար՝ մեղք»: Այս խնդրագրի ընթերցումից