Իսկ մյուս օրը կաթողիկոսի կոչունքին գալիս խանը վարդապետին իր հետ տարավ. իսկ երբ եկավ խոսելու ժամը, խանը կաթողիկոսին ասաց. «Արդ՝ իմ սրտի ցանկությունը այս է կամենում քեզնից, որ դու հաշտվես վարդապետի հետ և, լինեք իբրև հայր ու որդի, որովհետև թեպետ շրջում է ժողովրդի մեջ, դատապարտության ոչ մի գործ կամ վնաս չի անում՝ ոչ ինձ, ոչ քեզ, ոչ էլ ժողովրդին, և ես կամենում եմ, որ ձեր միջև խաղաղություն ու սեր հաստատվեն»։ Իսկ կաթողիկոսը երբ տեսավ, թե ինչ որ մտքում մտածել էր և խոսել էր խանին, այնպես չեղավ, այլ դրան հակառակ։ Եվ չնայած չէր էլ կամենում հաշտվել, բայց և խանի հրամանին ընդդիմանալ անկարելի էր համարում, որովհետև նրա սիրտը շահելու համար էր հրավիրել, մանավանդ այնքան պատվավոր մարդկանց մեջ, և իր սեղանի շուրջը, իր տանը։ Այդ պատճառով ակամայից առերես ու կեղծ սրտով հաշտվում է վարդապետի հետ ըստ խանի հրամանի: Խրախճանքից հետո, երբ խանը պատրաստվում էր գնալու, կաթողիկոսին ասում է. «Այս վարդապետը այս գիշեր հանձնվում է քեզ, իսկ վաղը քո ինձ մոտ գալու ժամանակ քեզ հետ կբերես, որովհետև դրա հետ գործ ունեմ»։
Իսկ առավոտյան կաթողիկոսը ինքը չգնաց, այլ իր եպիսկոպոսներից մեկին դրեց վարդապետի հետ, ուղարկեց խանի մոտը: Իսկ խանը պատվեց, զգեստանվեր տվեց վարդապետին, որովհետև նրա վրա դրեց թանկագին ու ոսկեհուռ կապա։ Դարձյալ կանչեց նույն զինվորին, որ վարդապետին բերել էր և ասաց նրան. «Արդ՝ կառնես այս վարդապետին և կտանես, կհասցնես այնտեղ, որտեղից բերել ես սրան և կհանձնես տեղի մարդկանց, ապա կդառնաս այստեղ»: Իսկ զինվորը և վարդապետը խոնարհություն արին իշխանին, ելան նրա մոտից գնացին դեպի Գողթան գավառը։
Արդ՝ այս գործի կատարումը նմանվեց այն բանին, որ կատարվեց Բաղակ թագավորի հետ115. ինչպես որ նա վարձեց Բաղայամին, որ սա անիծի Իսրայելը, իսկ Բաղայամը եկավ, օրհնեց Իսրայելը։ Սույնպես էլ կաթողիկոս Մելքիսեթը դրդեց խանին, որպեսզի պատժի վարդապետին, իսկ նա բերեց