Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքի առջև պատվեց և զգեստանվերով ուղարկեց իր գործին: Այստեղ էլ Սողոմոնի խոսքը կատարված է տեսնվում. «Մեղավորը նայում է արդարին և մտածում է սպանել նրան, բայց տերը նրան չի թողնում նրա ձեռքում և չի դատապարտում նրան, երբ դատում է նրան»[1]:

Երբ վարդապետն ու զինվորը Երևանից ելան, գնացին Գողթան գավառը, հասան Շոռոթ գյուղը և այնտեղից ելան, կամենում էին գնալ Ցղնա գյուղը։ Եվ մինչդեռ ճանապարհին գնում էին, երբ մոտեցան Նորակերտից եկող և Բղևի ընթացող գետին և տակավին չէին հասել գետին, տեսան այնտեղ հովտում արածող վայրի այծյամներ, որոնք տասներկուսն էին։ Վարդապետը նրանց իր մոտ կանչեց, և այծյամները եկան նրա մոտ. իսկ զինվորը չգիտեր, որ վարդապետը այծյամներին կանչել է, քանզի վարդապետից հեռու էր։ Երբ (զինվորը) տեսավ կանգնած այծյամներին, անմիջապես լարեց աղեղը, որպեսզի այծյամներին նետահարի, իսկ այծյամները անմիջապես խրտնելով այնտեղից հեռու ցատկեցին, որտեղ կանգնած էին և սկսեցին փախչել լեռան կողմը։ Իսկ վարդապետը ետ նայելով՝ տեսավ, որ զինվորն այդ արեց, զինվորին սաստելով դադարեցրեց, ապա կրկին կանչեց այծյամներին և ասաց.— «Եկեք, տիրոջից օրհնվածներ, եկեք ինձ մոտ. ոչ ոքի չեմ թողնի, որ ձեզ վնասի»։ Եվ նրանք իբրև մտավոր ու բանական մարդ դարձյալ եկան վարդապետի մոտ և կանգնեցին նրա առջև։ Իսկ վարդապետը, մոտենալով նրանց, ձեռքով շփում էր նրանց վրա և քորքորում նրանց պարանոցներն ու թիկունքները, գգվանքով ողջագուրում էր նրանց և նրանց հետ խոսում էր իբրև բանականի հետ։

Երկար ժամանակ կանգնած էին նրա առջև, և հետո նրանց ասաց. «Այժմ խաղաղությամբ գնացեք ձեր արոտները, և տերը կպաշտպանի ձեզ ըստ ձեր կարիքների»։ Իսկ նրանք ճամփա բռնելով գնացին լեռան կողմը իրենց ընթացքով։

Զինվորը այդ բանի վրա կանգնած էր զարմացած ու ապշած, իսկ սուրբ վարդապետը սկսեց նրան պատմել սուրբ

  1. Սաղմ. ԼԶ, 3Ձ։