Այդ նույն օրը այնտեղ էր մեծ փառավոր իշխան ջուղայեցի խոջա Նազարը, որ խիստ բարեկամ էր Մովսեսին և հարգված Շահ-Աբաս թագավորի առջև։ Սրա ձեռքով Մովսես վարդապետը սպիտակ մոմն ու սովորեցրած ծառաներին ներկայացրեց թագավորին, որը տեսնելով արքան շատ ուրախացավ, ձեռքը առավ և զվարճանում էր նրանցով ու բազում հուսադրական խոսքերով անմիջապես ճամփու դրեց վարդապետին։
Այդ օրերին եկավ, վրա հասավ մեր Քրիստոս աստծու ծննդյան հայտնության տոնը․ և որպես Մովսեսը սովորություն ուներ մշտապես մեծ հանդեսով էր կատարում տերունական տոները։ Եվ ավելի առավել այս տոնը [նախատեսել էր] մեծ պատրաստությամբ շատ ավելի պատշաճ կարգավորությամբ, քանզի ինքը թագավորը ևս պատրաստվել էր գալ տոնը տեսնելու և զվարճանալու, որ և եկավ։ Մովսես վարդապետը թափեց երկու մարդաչափ մոմ և ճրագալույցի գիշերը լույս տոնի օրը վառեց երեկոյան սուրբ Աստվածածնի անունով, իսկ ինքը ոտքի կեցած մինչև առավոտ հսկում էր կատարում ջերմագույն սիրով և հաստատուն հավատով։ Հորդաբուխ արտասուքներով աղոթում էր առ տերը՝ տիրամայր սուրբ Աստվածածնին բարեխոս բռնելով տիրոջ մոտ, որպեսզի տոնախմբությունը շնորհալի ցույց տա այլահավատ թագավորին և նրա սիրտը գութով ու խղճով լցնի քրիստոնյա ազգի հանդեպ։ Աստծու ողորմությամբ եղավ ըստ վարդապետի խնդրանքի, որովհետև տոնի օրը մինչև արքան նստած էր զվարճանքին, իսկ վարդապետը զգեստավորված իր պաշտոնյաներով կատարում էր ջրօրհնեքի կարգը, արքան մեծ հաճույք էր ստացել և հավանել տոնախմբությունը։ Մովսեսի նկատմամբ համակրանք էր առաջացել, ուստի թագավորը վարդապետի մասին հարցրել էր խոջա Նազարին, իսկ նա բարի խոսքեր էր ասել և թագավորի մոտ շատ էր խոսել Մովսեսի մասին։
Օրեր հետո արքան ասաց խոջա Նազարին․ «Ձեր վարդապետը ի՞նչ խնդրանք ունի, որ կատարենք, գա՞նձ, կալվածք կամ ուրիշ որևէ բան, ինչ ինքը կամենում»։ Խոջա Նազարը պատասխանել էր, թե՝ «Նա այնպիսի մարդ է, որ