իր թոռին։ Բոլոր նախարարները, թագավորի տան հավատարիմները հավաքվեցին թոռին թագավորեցրին և նոր թագավորի անունը կոչեցին Շահսեֆի, քանի որ վիճակով գրին նրա անունը. վիճակն ու կոչումը անվանը հարմարվեց, որովհետև նորընծա թագավորի հոր անունը Սեֆի էր։ Նորընծա թագավոր Շահսեֆին թագավոր նստավ նույն թվականին՝ 1078 տարվա հունվար ամսի 19-ին։
Այս ժամանակ պատշաճ ու հարմար պահ եղավ հարյուր թուման տուգանքը վերացնելու համար։ Այդ պատճառով Սպահան քաղաքում բնակված ջուղայեցի ժողովուրդը, մանավանդ աստծու ողորմությունների արժանի քրիստոսասեր մեծ իշխան խոջա Նազարը նամակ գրեցին և արագընթաց սուրհանդակի միջոցով հասցրին Էջմիածին Մովսես վարդապետին, որ շուտափույթ հասնի նորընծա թագավորի պալատը հարյուր թումանը վերացնելու համար։ Մովսես վարդապետը անհապաղ շտապանքով գնաց Սպահան քաղաքը թագավորի պալատը և թագավորի պալատում ութ ամիս մնալով, տեսնելով բոլոր նախարարներին՝ հներին ու նորերին, և նրանց սրտերը գրավեց բազմանվեր աղերսանքով։
Ապա աստծու սուրբ մարդը պատրաստեց ընծա որպես վայել է թագավորներին, սկուտեղով զուտ ոսկի դահեկան և այլ թանկագին իրեր, խնդրագիր, որ կոչվում է արղա։ Վարդապետն ու խոջա Նազարը նախարարների միջնորդությամբ ներկայացրին թագավորին։ Վարդապետի վերաբերյալ արքայի հարցումին խոջա Նազարը նրան տեղեկացրեց՝ պատմելով վարդապետի ազնվության մասին, նաև թե նախածանոթ և հաճելի ծառա էր նախորդ մեծ թագավորին՝ քո պապին և այժմ աղոթող է թագավորի կյանքի համար, բայց այս խնդրանքը ունի, որպեսզի արքան քննելով գթա իր տառապյալ ժողովրդի վրա և ծանր բեռը, որ անտեղի և զուր դրվեց մեր վրա, այսինքն՝ հարյուր թուման տուգանք, արքան հրամայի վերացնել։
Եվ արքա Շահսեֆին այնտեղ ատյանում շատ բան խոսեց խոջա Նազարի հետ, Մովսես վարդապետից հարցրեց հարյուր թուման տուգանքի մասին և աստվածային ողորմությամբ ու շնորհներով վարդապետի բոլոր խոսքերը դյուրին ու ախորժելի թվացին թագավորին, քանզի ամենաթագավոր