Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված, որ իր ձեռքում պահում է թագավորների սրտերը, թագավորի կամքը հաճելի դարձրեց ու քաղցրացրեց, ուստի ի լուր ամբողջ ատյանի ասաց. «Զիջեցի հարյուր թուման տուգանքը, որ պիտի տայիք թագավորի դիվանին, այսուհետև կացեք ազատ և աղոթեցեք մեր կյանքի ու հաջողության համար»։ Այն ժամանակ խոջա Նազարն ու Մովսես վարդապետը և բոլոր իշխանները, որ կանգնած էին թագավորի առջև, ձեռքերը բարձրացրին, գոհության ձայնով օրհնեցին աստծուն ու թագավորին։ Եվ ուրախությամբ ատյանից արձակվեցին, գնացին իրենց տեղերը։ Այնուհետև Մովսես վարդապետը և խոջա Նազարը ամեն օր շրջելով իշխանների պալատները և դիվանական մատյանների վերակացուների ու գրագիրների մոտ այնքան չարչարվեցին, մինչև որ բոլոր մատյաններից, որտեղ որ գրված էր այդ բանը, ամեն տեղից հանին, դուրս գրեցին։

Ապա խոջա Նազարը գրեց մի այլ խնդրագիր և մատուցեց թագավորին խնդրելով, որ տա թագավորական կնիքով հրովարտակ հարյուր թուման տուգանքը վերացնելու մասին, սրա հետ արքայից խնդրեց Մովսես վարդապետին տալ կաթողիկոսության իշխանությունը։ Արքա Շահսեֆին կատարեց նրանց բոլոր խնդրանքները, քանի որ թագավորական կնիքով, ազդու և հատու խոսքով հրովարտակ տվեց, թե՝ «թող վերացվի հարյուր թուման տուգանքը, որը մեր թագավորներից դրված էր ձեր Էջմիածնի աթոռի վրա, այլև տրվի հրաման Մովսես վարդապետի կաթողիկոսության ըստ ամենայն հայոց ազգի խնդրանքի»։ Արդ այսպես մեծ չարչարանքով և շատ դրամ ծախսելով, մոտ հազար թուման, հազիվ կարողացավ վերացնել հարկի ծանր բեռը Սուրբ աթոռից։

Սուրբ վարդապետ Մովսեսը թագավորական հրովարտակը առավ, վերադարձավ մեծ ուրախությամբ, եկավ հասավ աստվածաբնակ աթոռ Սուրբ Էջմիածին։ Սուրբ աթոռի ազատության լուրը տարածվեց ընդհանուր աշխարհի հայ ազգի մեջ, ամենքը լցվեցին անպատմելի ուրախությամբ, ցնծության ձայնով գոհանում էին աստծուց։

Այնուհետև ամբողջ աշխարհի երևելի մարդիկ, եկեղեցականներ, աշխարհականներ [խոսքը հայերի մասին է] սկսեցին առավելապես աղերսագիր ուղարկել Մովսես վարդապետին.