Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրում, աղաչում էին, որպեսզի նաև մի այլ պատճառ հնարի հավատի հաստատության և եկեղեցու կարգի համար, հանձն առնի կաթողիկոսությունը։ Այս խնդրագրերը ուղարկվեցին Պարսկաստանից, Վրաստանից, Քուրդիստանից, Հոռոմստանից։ Իսկ մեր սուրբ հայրը ոչ թե անձնական փառքի, որ փառավորված էր աստծուց և մարդկանցից, այլ աստծու ժողովրդի օգտի և հոգևոր կրոնի հաստատության համար լսող եղավ ամենքի աղաչանքներին, ընդունեց կաթողիկոսական աստիճան և աստծու ամենասուրբ հոգու օծմամբ օծվեց ամենայն հայոց ազգի հայրապետ պայծառ և պանծալի ժառանգորդ Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի մեր թվականության 1078 [1629] տարվա հունվար ամսի 13-ին՝ տիրոջ տնօրինության [մարդեղության] օրը։ Եվ տիրոջ խոսքի համաձայն լուսավորող ճրագ[1] դրվեց բարձր աշտարակի մեջ գերագահ աթոռում լինելու լուսատու մեր Արամյան տան. և իր աստվածաշնորհ վարդապետությամբ մխիթարում էր բոլորին քաղցր քարոզությամբ՝ ուղղելով արդարության ճանապարհը։

Եվ մեր սուրբ հայրը մաքրակենցաղ էր ու սրբասուն, երկայնամիտ էր ու ողորմած։ Սրա ձեռքով շատ գերիներ ազատվեցին գերիչներից, որովհետև սրա ժամանակ անհաշտ խռովություն կար պարսիկների ու օսմանցիների միջև, ուստի ավար ու գերություն շատ էր լինում երկու կողմերից։ Գերիներից ում էլ տեսնում էր, անպատճառ գնում էր և ազատում։

Սա մնաց Բարձրագահ աթոռի վրա՝ Սուրբ Էջմիածնում ուղիղ վարդապետությամբ, նորոգեց ավերակները նոր շինությամբ, պայծառացրեց միաբաններով ու վարդապետներով, պատշաճ ու հաստատուն ժամանակագրությամբ, հարստացրեց եկեղեցական անոթներով, նյութական հարստությամբ։ Սա կաթողիկոս մնաց երեք ու կես տարի և 1081 [1632] թվի մայիս ամսի 14-ին վախճանվեց, այս կյանքից մահով պակասեց և հանգստով ավելացավ տիրոջը, գնաց իր անձկալի Քրիստոսի մոտ, որ հանապազ, մշտապաղատ և սրբանվեր աղոթքներով կրում էր հոգում։

Այնպես պատահեց, որ սրա մահը տեղի ունեցավ Երևան

  1. Ծննդոց Ա 14, 15, 17: