Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

+ Սուրբ Ոլոգին:

+ Ստեփանոս։

Արդ՝ այսքան խոսքերը, որոնց սկզբում խաչանշան եմ դրել, առանձին-առանձին գրված էին մատուռի պատին, որի մեջ դրած էր նշխարներով լի սնդուկը, իսկ մենք այնտեղից առանք օրինակը, գրեցինք այստեղ հուրախություն ձեր՝ ապագայում պատահող ընթերցողներիդ և մեզ աշխատասիրողիս Քրիստոսի կողմից բարիքների վարձի առիթ ձեր աղոթքներով և սրբուհի Հռիփսիմեի բարեխոսությամբ։

Երկու վկայանոցների՝ սրբուհի Գայանեի և սրբուհի Հռիփսիմեի սկիզբն ու ավարտը եղան երեք տարում, որովհետև 1100 [1651] թվականին սկսեցին նորոգությունը և 1102 [1653] թվականին ազատվեցին գործից. մեծ ծախսերով և շատ աշխատանքով շինեցին, վերջացրին ի փառս Քրիստոսի և նրա սուրբ վկաների։

Մեր սրբազան հայր տեր Փիլիպոսը կամեցավ գնալ Երուսաաղեմ, որը և ելավ մեծ ամբոխով՝ վարդապետներով, եպիսկոպոսներով, քահանաներով և սպասավորներով, որոնք իր միաբաններն էին: Իսկ քաղաքներից ու գավառներից շատ նշանավոր անձինք՝ բազմաթիվ վարդապետներ, եպիսկոպոսներ, իշխաններ, որոնք լսելով սուրբ հայրապետի գնալու լուրը, նրանք ևս շտապեցին գնալ։ Երբ Փիլիպոս կաթողիկոսը հասավ Թեոդուպոլիս, որ Կարին քաղաքն է, և նրա գնալու համբավը հասավ մեծ քաղաք Կոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլսում բնակված հայ ժողովուրդը իր հայրապետի մեծաշուք փառքի համար մոտեցավ թագավորի եպարքոսին, որ վեզիրն է, և խնդրեցին նրանից թագավորական ծառա թագավորի արքունիքից, սրա հետ նաև հրովարտակ թագավորական կնիքով, որպեսզի ծառա կոչված իշխանը գա պաշտպանելով սպասավորի հայրապետին այն երկրներում շրջագայելու ընթացքին, որոնք օսմանցիների իշխանության տակ են գտնվում, որպեսզի չլինի թե իշխաններից կամ կուսակալներից որևէ մեկը զրպարտելով տանջի կամ բռնադատելով վշտացնի հայրապետին։ Սրանց խնդիրքը հաճո թվաց եպարքոսին, նրանց տվեց թագավորական հրովարտակ և մի բարի իշխան, որը և գնալով հայրապետի մոտ՝ կատարեց իր պարտականության գործը՝ սպասավորելով հայրապետին նրա բոլոր