չափահաս դարձավ, նրան աշխարհ մտցրին՝ հարսանիք արին: Եվ ինչպես գրված է, ըստ իր անձի և ժողովրդի վկայության, նրան քահանա ձեռնադրեցին, իսկ նա՝ քահանայությունը վարում էր որպես վայել էր քահանայության կարգին։
Սույն ժամանակներում Մովսես վարդապետը, որ հետո Էջմիածնի կաթողիկոս եղավ, և Պողոս վարդապետը, որի մասին պատմեցինք, հայտնվեցին հայոց Արևելյան աշխարհում անբիծ ռւ պարկեշտ վարքով, որովհետև երկրե երկիր շրջում էին, քարոզում, շինում եկեղեցիներ, կարգում քահանաներ ըստ առաքյալների կարգի։
Մեր հավատի և կրոնի հաստատության համար դպրոցներ բացին պատշաճավոր տեղերում՝ Աստապատ և Շոռոթ143 գյուղերում, որպեսզի շրջակա գյուղերից երեխաները այնտեղ հավաքվեն սովորելու համար։ Այդպես էլ Ագուլիս գյուղում դպրոց բաց արին և մանուկների համար ուսուցիչ նշանակեցին տեր Անդրեասին։ Այդտեղ հավաքվեցին մոտ հիսուն-վաթսուն երեխաներ, որոնց վերակացուն տեր Անդրեասն էր, որ ղեկավարում և ուսուցանում էր մեր եկեղեցու ընդհանուր ուսմունքը։
Այնպես եղավ, որ Շահ-Աբաս թագավորը եկավ Ագուլիս գյուղը այսպիսի պատճաոով։ Օսմանցիներից ոմն զորավար Օքուզ Ահմադ փաշա անունով մեծ զորքով եկավ Երևանի բերդի վրա, որպեսզի պարսիկներից գրավի, դարձնի օսմանցիների կողմը։ Այս պատճառով պարսից Շահ-Աբաս թագավորը հավաքելով պարսկական ողջ զորքերը՝ եկավ Երևանի բերդին օգնության։
[Օսմանցիների] զորավարը նստավ բերդի շուրջը, երկու և կես ամիս կռվեց, չկարողացավ գրավել։ Վրա հասավ ցուրտ աշունը, և նեղվելով ցրտից ու սովից, վերադարձավ իր ողջ բանակով և շարժվեց գնաց Կարին քաղաքը՝ օսմանցիների երկիրը: Զորավարի գնալուց հետո շահն էլ Երևանից վերադարձավ և գնաց Նախիջևան, այնտեղից էլ Ագուլիս։ Արդ՝ այս պատճառով շահը Ագուլիս եկավ: Շահը սովորություն ուներ, ուր էլ կմտներ թե քաղաք, թե երկիր, տեղի բոլոր բնակիչները միանգամից ընդառաջ էին ելնում՝ իշխաններ, ժողովուրդ, տղամարդիկ, կանայք, աղջիկներ, երիտասարդներ