սկսեցին քննել, սրանից, նրանից հարցնել, թե ո՛վ այն արած կլինի։ Ամենքը պատասխանում էին, թե չգիտեն։ Ապա մեջտեղ բերին տեր Անդրեասին, ստիպելով պահանջում էին, թե ասա մեզ, քանի որ մանուկների վերակացուն դու ես և դու ես տեղյակ։ Իսկ տեր Անդրեասը մտքում խորհում էր. եթե ծնողներին մեղադրեմ, նրանց կսպանեն և մանուկներին կհափշտակեն, եթե մեկ ուրիշի մեղադրեմ, նրան կսպանեն, իսկ այդ կդառնա ինձ համար խղճմտանքի անփարատելի ցավ ըստ սուրբ ավետարանի վկայության, թե՝ «Լավ է, մի մարդ մեռնի, որ ամբողջ ժողովուրդը չկորչի»[1]։ Այս պատճառով լավ համարեց իրեն մատնել ու շատերին փրկել։ Եվ երբ զինվորները շատ ստիպեցին, տեր Անդրեասը ուրիշներին փրկելու համար ասաց, թե ես եմ արել այդ։ Զինվորները նրա խոսքը հայտնեցին շահին, իսկ շահը հրամայեց՝ բռնել նրան և գցել կալանքի տակ։ Օրեր հետո շահը հրամայեց նրան բերել իր առջև. հարցրեց. «Թե ճիշտն ասա, ո՞վ է այդ գործի անողը»։ Տեր Անդրեասը ասաց. «Ոչ ոք, այլ միայն ես»։ Իսկ շահը տեսավ, թե ուրիշ մեկի չմատնեց, սարսափելի բարկացավ նրա վրա, հրամայեց տարածել գետնի վրա ու անխնա հարվածել։ Շատ հարվածներից հետո շահը ասաց. «Դու այդպիսի վնաս ու հանցանք ես գործել, եթե կամենում ես կենդանի մնալ, ուրացիր ձեր քրիստոնեական հավատը, ընդունիր մեր կրոնը և մեր մոլար առաջնորդի դավանանքը, ես քեզ կտամ պատիվներ ու մեծություն, իսկ եթե չհամաձայնվես, շների ու գազանների առջև կնետեմ քեզ»։ Նա հանձն առավ ուրանալ, այլ պատասխան տվեց, թե քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա։ Իսկ թագավորը այդ լսելով զայրագին բարկությամբ հրամայեց դարձյալ բանտ գցել։
Մյուս օրը վերստին բերեց իր առջև և հարցրեց՝ «Ուրանո՞ւմ ես քո հավատը»։ Տեր Անդրեասը ասաց. «Չեմ ուրանում»։ Կրկին անգամ արքան ասաց. «Քեզ պատիվներ ու մեծություն կտամ, եթե ուրանաս ձեր հավատը»։ Իսկ նա չհամաձայնվեց, և դարձյալ հրամայեց բանտ գցել:
- ↑ Դավրիժեցին բառացի չի բերել․ Ավետարանում ասված է․ «Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն» (Յովհ. ԺԸ 14)։ Լավ է որ մի մարդը մեռնի ժողովրդի համար։