Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ, հասավ Կեսարիա և այնտեղ հանդիպեց մեծ վարդապետ Գրիգորին: Գրիգոր վարդապետը բազմաթիվ հույժ կարևոր բաներ պատվիրեց Խաչատուր վարդապետին, թե հասնելով Լվով, գուցե Նիկոլին եպիսկոպոսության կարգ ու պատվի հրավիրես: Իսկ Խաչատուր վարդապետը ամեն տեղ նվիրակություն անելով հասավ Լվով։ Ժողովրդից սրան [մարդիկ] մոտեցան և սկսեցին բազմաթիվ օրինակներով կսկծալի ամբաստանություն անել Նիկոլի մասին՝ նրա տեսակ-տեսակ անցքերի ու գործերի առիթով, որ նրա կողմից տեսել էին ու կրել։ Իսկ վարդապետը ըստ իր քաղցր և հեզ բնավորության առերես չէր հանդիմանում Նիկոլին, այլ մեղմ խրատական կերպով ինքը նրա հետ միայնակ էր խոսում ըստ տիրոջ այն պատվիրանի, թե՝ «Ասա նրան, երբ միայն դու և նա լինեք»։ Իսկ Նիկոլի հոգը չէր, ոչ մի բան հաշվի չէր առնում, որովհետև ոչ վարդապետից էր ամաչում, ոչ էլ ժողովրդի ամբաստանությունից վախենում, այլ իբրև անշարժ լեռ արձանացած էր իր կամքի վրա:

Այնպես եղավ, որ մի կիրակի օր ավետարան պետք է կարդային։ Նիկոլ եպիսկոպոսն հրամայեց իր աբեղային, թե գնա ավետարան կարդա։ Իսկ Խաչատուր վարդապետն ասաց, թող նա չկարդա, այլ այն մյուսը։ Իսկ Նիկոլ վարդապետը նրա խոսքին չանսաց, այլ իր աբեղային կարդալ տվեց ավետարանը։ Երբ վարդապետը տեսավ, թե քահանաների և ժողովրդի մեջ բաց ու համարձակ արհամարհեց իր խոսքը և իրեն մարդատեղ չդրեց, դարձավ դեպի ժողովուրդը և ասաց. «Թող անիծվի այն մարդը, որ սրա հետևը ծունր կդնի»։ Վարդապետը այս ասաց և եկեղեցուց ելավ, գնաց իր տեղը՝ վենատուն, որտեղ լի օրերին լինում էր։ Իսկ երբ ժողովուրդը այս լսեց, տեսավ, իրենք նույնպես միանգամից, գրոհեցին և դուրս եկան եկեղեցուց։ Եկեղեցում մնացին Նիկոլն ու ուրիշ ոմանք, որոնք ժամը արձակելուց հետո նույնպես գնացին իրենց տեղերը։ Իսկ հայոց ժողովրդի դատավորներն ու իշխանները նույն ցերեկը եկան ու փակեցին եկեղեցու դուռը և բանալին վերցրին իրենց մոտ, իսկ եկեղեցին որոշ օրեր փակված մնաց։ Նաև հայոց դատավորներն ու իշխանները խոսեցին Խաչատուր վարդապետի հետ և համոզեցին նրան, որպեսզի նստի աթոռ և նշանակի դատական ատյան