Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նիկոլին դատելու հանդգնության, այլև անզարդության և հանցանքների համար։ Երբ եպիսկոպոսը իմացավ այս գործը, իր մոտ բերեց ֆռանկ երկու վկաներ, որ ողջ դատի ընթացքում նրանք գան, վկայություն տան և ըստ նրանց վկայությունների դատավորները դատական վճիռ կտրեն, քանզի Լեհաստանում լեհերը իրենց մեջ այդսլիսի կարգ ունեն։ Նիկոլը այդ վկաների հետ խոսեց և առավ նրանց համաձայնությունը, որպեսզի երբ նրանց կանչի, նրանք անհապաղ գան իր կանչին։ Եվ այն օրը, երբ վարդապետը դատի նստեց, նրա հետ նստեցին հայոց իշխաններն ու դատավորները․ կանչեցին նաև Նիկոլին դատելու համար։ Բայց Նիկոլը կանխավ այդ վկաներին բերել էր այն տունը և նրանց թաքցրել էր առանց հայ մարդկանց գիտության։ Երբ Նիկոլին ներս կանչեցին, նա գալով սպասավորներին հրամայեց իր աթոռը դնել մշտական տեղում, որպեսզի ինքը այնտեղ նստիր: Իսկ իշխանները Նիկոլին ասացին․ «Ի՞նչ ես անում, ինչու՞ ես նստում, չէ որ քեզ դատելու են կանչել, ոտքի կանգնիր»։ Նիկոլն ասաց. «Իսկ ո՞վ է ինձ դատողը»։ Իշխանները ասում են. «Եկած այս նվիրակը, որին տեսնում ես, և այս դատավորները, որոնք ահա այստեղ են»։ Այդ ժամանակ Նիկոլը բարձր ձայնով կանչեց թաքցրած վկաներին, թե դուրս եկեք։ Նրանք անմիջապես եկան և կանգնեցին ատյանի մեջ։ Սրանց Նիկոլն ասաց..«Աստծու սիրուն ձեր աչքերով տեսեք և ինձ համար վկաներ եղեք, քանի որ ես եպիսկոպոս եմ, իսկ սրանք աշխարհականներ լինելով՝ հավաքվել են ինձ դատելու։ Իսկ այս վարդապետը, որ թուրքերի երկրից է եկել այստեղ, լրտեսության համար է եկել այս երկիրը, որպեսզի մեր երկրի որպիսությունը իմանա։ Եվ սա այժմ սրանց հետ նստել են, որ ինձ դատեն»։ Վկաներն ասացին. «Ինչ մեր աչքերով տեսանք, սրա համար վկայություն կտանք, ուր էլ մեզ տանեն, կվկայենք»։ Այդ ժամանակ հայերից հավաքվածները՝ թե քահանաներ, թե իշխաններ, թե դատավորներ ֆռանկների երկյուղից սարսափահարվեցին ու զարհուրեցին և սկսեցին մեկ-մեկ ելնել ու փախչել, վարդապետը նույնպես ելավ, գնաց իր տեղը։

Սրանից հետո Նիկոլ եպիսկոպոսն սկսեց խաբեբայությամբ ու կեղծավորությամբ միջնորդներ ու պատգամավորներ