Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկել վարդապետի, քահանաների ու իշխանների մոտ հաշտության նպատակով. ասելով՝ «Ձեր այդքան հակառակությունը բավական է, այլևս մի՛ հակառակվեք և եկեղեցին մի՛ փակեք, այլ բացեք եկեղեցու դուռը»։ Իսկ լվովցիք բոլորը իմանալով նրա խարդախությունը՝ նրան չհավատացին: Բայց վարդապետը յուր մտքում նկատել ու տեսել էր, որ ինչքան գրգռեն խռովություն, վեճ ու կռիվ անեն եպիսկոպոսի հետ, ապագայում ավելի շատ չարագործություն կհորդի նրանից, ուստի այս վտանգի համար ակամայից կամեցավ եպիսկոպոսի հետ հաշտվել։ Նա խոսեց քահանաների ու իշխանների հետ, որպեսզի հաշտվեն։ Սակայն նրանք չցանկացան։ Վարդապետը ասաց. «Ապագա չարիքների համար, որ պատրաստվել են գալու այդ եպիսկոպոսից, ես վախենում եմ և կասկած ունեմ, թե միգուցե մեր համառության վերջում դրանից ավելի մեծ վնաս կրենք»։ Պատասխանեցին. «Ամենևին մի վախենա, վարդապետ, որովհետև մենք բազմաթիվ հրովարտակներ ունենք առաջին և վաղեմի թագավորներից, որևէ գործի վերաբերյալ եթե դատ լինի, դատը պետք է անեն հայոց ազգի դատավորները և ոչ թե ֆռանկների ազգի դատավորը: Նաև նրանց ապրանքների դիմաց ապրանք ունենք և խելքների դիմաց՝ խելք, դու ինչո՞ւ ես վախենում»։ Վարդապետին այս խոսքը դուր չեկավ, այլ երբեմն ընդհանուր կարգով, երբեմն առանձին նրանց հետ խոսում էր, որ հաշտության գան, սակայն նրանք չկամեցան։ Դրանից հետո վարդապետը իր ձեռքով բռնեց իր օձիքը, թափ տալով ասաց. «Դրան մեղադրելուց ես անպարտ եմ, դուք գիտեք»։

Իսկ երբ Նիկոլ եպիսկոպոսը տեսավ, թե իր առաքածների՝ սուտ ու կեղծավոր պատգամավորների միջնորդությամբ լվովցիները հաշտության չեն գալիս և եկեղեցին չեն բացում, այնուհետև գնաց ֆռանկների եկեղեցականների մոտ, որոնք Լվով քաղաքում են, մանավանդ նրանց մոտ, որոնք ճիզվիտների կարգին են պատկանում, միաբանվեց նրանց հետ և անլուծելի ստորագրություն տվեց, թե՝ «Ես հայոց Նիկողայոս եպիսկոպոսս իմ կամքով միաբանվեցի Հռոմի եկեղեցու հետ և մտա պապի հնազանդության ներքո իմ բոլոր