Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոջա Սաֆրազը տարավ իր տունը իր ապարանքը ծաղիկներով ու պատկերներով զարդարելու։ Եվ մինչ տակավին տների ծաղկազարդումը չէր ավարտել, այնպես եղավ, որ պարսից թագավոր Շահսեֆին եկավ խոջա Սաֆրազի տունը։ Սա նստելով երբ զննեց, նայեց ծաղիկներին ու նկարներին, որ նկարված էին, տեսավ, որ բոլորը չքնաղ, գեղապանծ և չափազանց նման են նկարված։ Թագավորը սկսեց հարցնել խոջա Սաֆրազին նկարիչ վարպետի մասին, թե որտեղից է։ Նա ասաց. «Մեր ժողովրդից, մեր հայոց ազգից է և ահա այժմ այն ինչ-որ տան աշխատում է»։ Թագավորը հրամայեց կանչել նրան։ Եվ երբ եկավ, թագավորը հարցրեց, տեղեկացավ ամեն որպիսությունը։ Եվ այնտեղ նույն խնջույքի մեջ, որտեղ բազմել էին, արքան հրամայեց Վարպետ Մինասին և ցույց տվեց իր նախարարներից մեկին, որի անունն Էր Չրաղ խան՝ կերպարանքով չափավանց տգեղ, դժնատես և ասաց. «Սրա պատկերը այժմ այստեղ նստած նկարիր»։ (Այս ասվեց) իրենց զվարճության ծաղրի և ուրախության համար։

Իսկ Չրաղ խանը երբ տեսավ, թե ձեռք առնելու համար են նկարում իր պատկերը, ուստի սկսեց աչքերը և բերանը ծռմռել, կերպարանքը այլայլել և շրջմրջել կողմից կողմ, որ թերևս նկարված պատկերը համանման չլինի։ Բայց Վարպետ Մինասը ըստ թագավորի հրամանի անմիջապես նույն տեղում, խնջույքի մեջ հիշատակված մարդու պատկեր նկարեց, որ այնքան հար և նման էր համեմատությամբ, որ թագավորի հետ հանդեսում գտնվողները մեծ հիացումով զարմացան առավել նմանության համար և փառք վեր առաքեցին աստծուն՝ մարդկանց այդպիսի շնորհներ տվողին։ Այդ օրից սկսած և ապագայում թագավորն ու իր նախարարները նրան ձեռքից բաց չթողին, այլ մշտապես իրենց տներն էին պահում նկարակերտության համար։

Այնպես եղավ, որ ռուսաց թագավորը սիրալիրության համար խաղաղության մունետիկ ուղարկեց պարսից թագավոր Շահսեֆիի մոտ, բազմազան նվերների հետ կար նաև մի բազե թռչուն, որ պարսիկները իրենց բառով շունղար են կոչում։ Կար նաև մի մարդ, որ ռուսաց ազգից ու երկրից էր և եկել էր թռչունին սպասավորելու համար։ Այս թռչունը և սրա սպասավոր մարդը խիստ առավել հաճելի ու դուրեկան թվացին