Շահսեֆի թագավորին, որի պատճառով թագավորը հրամայեց նկարիչ Մահմադ բեկին, թե սրանց երկուսի՝ բազեի ու սրա պահող սպասավորի պատկերները նկարիր, ինչպես որ տեսնում ես։ Այս նկարիչ բեկը ազգով պարսիկ էր, գլխավորն էր բոլոր պատկերահան ու նկարիչ արվեստավորների և անվանի էր ողջ պարսից ազգի մեջ, որ միայն թագավորի և մեծամեծ իշխանների գործերն էր անում: Այս Մահմադ բեկը շատ օրեր նկարեց, բայց ոչ որակով և անդամների ոչ համեմատ ու նման: Ապա արքան հրամայեց վարպետ Մինասին՝ նկարել բազեի և սրա սպասավորի կերպարանքները։ Նա ըստ աստվածատուր շնորհների քիչ օրերի ընթացքում նկարեց նրանց կերպարանքները, և այնքան համապատասխան, որ թագավորն ու իր նախարարները անպատմելի հիացումով սքանչացած, զարմացած էին նկարի վրա։ Այն բանի համար, որ թագավորը չափազանց հավանեց, հրամայեց պարգևներ տալ վարպետ Մինասին՝ տասներկու թուման դրամ պարգև և ոտից գլուխ հագուստ: [Հրամայեց] նաև գրել թագավորի զինվորների շարքում, որպեսզի տարեցտարի նրան արքունական գանձարանից ռոճիկ տան, ինչպես թագավորի այլ զինվորներին։ Բայց Մինասը քրիստոնեական հավատքի համար հրաժարվեց զինվորական անունից, նրանց արդյունքից և այլազգիների մերձակայությունից. եկավ, իր տանը զբաղվում էր իր արվեստով։
Առավել չքնաղ և նմանագիր նկարակերտության համար շատերը աշակերտելով սովորեցին նրանից, բայց նրան ոչ մեկը չհավասարվեց, որովհետև բնական ձիրք ուներ և մտքի տեսողություն, որ նախապես կերպարանքների և ամեն իրերի որպիսին լինելը, հանգամանքները, որակը, քանակը ճշգրիտ կերպով պատկերացնում էր իր մտքում և ապա նկարում էր թե բույսերի, թե տունկերի, թե անասունների, թե գազանների, թե թռչունների և թե մարդկանց կերպարանքները: [Նկարում էր] ինչ ազգից որ լիներ, թե պարսից, թե հայոց, թե եբրայեցիների, թե հնդիկների, թե ֆռանկների, թե ռուսների, թե վրացիների։ Քանզի ինչ ազգի կերպարանք որ նկարում էր, հար ու նման էր նկարում։ Սույնպես էլ մարդու հոգեկան վիճակները, ինչ հոգեկան վիճակում էլ լիներ մարդը՝ ծիծաղելիս, բարկանալիս, տրտմության մեջ