Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Սուրբ էջմիածնի կաթողիկոսն էր, մեզ՝ նվաստիս, որ նրա ձեռնասուն աշակերտն էինք, Սուրբ Էջմիածնի նվիրակության գործի համար ուղարկեց հունաց աշխարհը, որ օսմանցիների իշխանության տակ էր։ Եվ եղավ, որ մենք հասանք Ամասիա քաղաքը, երբ մեր թվականության 1094 (1645)–ին էր, այնտեղ պատահեց նաև Սեբաստացի Ներսես վարդապետը, որ հետո եղավ Սսի կաթողիկոս։ Շատ օրեր զրուցախոսության ընթացքում մի օր Ներսես վարդապետը մեզ ասաց. «Երբ մեռոնը օրհնում եք, ո՞ր սրբությունն եք վրան բերում»։ Մենք ասացինք. «Մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, սուրբ Թադեոս առաքյալի աջը և սուրբ նշանը, որ կենաց փայտից է, գեղարդը, որ մխվեց տիրոջ կողը»։ Նա ամենը թողնելով, ասաց Լուսավորչի աջի մասին. «Այդ, որ Լուսավորչի աջ ես ասում, աջ ա՞ջն է, թե ձախ»։ Մենք ասացինք. «Աջ աջն է»։ Ներսես վարդապետը ասաց. «Սսի կաթողիկոսարանի բնակիչները ասում են, թե ստույգ կերպով ու հավաստյավ սուրբ Լուսավորչի աջը այն է, որ Սսում է։ Եվ իբրև հաստատումն սրա ստուգության բերում են այն խոսքը, որ հայրապետների շարադրությունների մեջ գրված է Ստեփանոս հայրապետի և Լուսավորչի աջի մասին։ Գրվածի պատճենը այս է. «Տեր Ստեփանոսը [աթոռակալեց] չորս տարի, սրա օրերում անասելի աղետ եղավ, որովհետև Եգիպտոսի անօրեն գոռոզ սուլթանը քանդեց, ավերեց սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը՝ Հռոմկլան183, և բոլորին սրի քաշեց, իսկ մնացածին քշեց գերության, որոնց հետ նաև սուրբ հայրապետին, որ այնտեղ վախճանվում է: Իսկ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջը տարվել է այնտեղ։ Երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի184 միջոցոց (պատժվեցին), այլազգիները։ Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա Հեթում բարեպաշտ թագավորին։ Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ»։ Այդ՝ նրանք այս վկայությամբ ասում են, թե այն աջը, որ Սսում էր, ստույգ այդ աջն է սուրբ Լուսավորչինը. իսկ այդ աջը, որ այժմ ունեք Էջմիածնում, ինչպե՞ս եք իմանում, որ դա Լուսավորչի աջն է. եթե նախնիներից դրա մասին վկայություն ունեք, ցույց տվեք»։ Իսկ մենք այս լսելով՝ լռեցինք,