Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև մաքուր սրտով հաստատ հավատ ունեինք այն աջի նկատմամբ և այդ հավատի վերաբերյալ կասկած չունեցանք։ Բայց մեծ հոգացողությամբ հետևեցինք գրքերից վկայություն գտնելու ոչ թե մեր հավատի հաստատության համար, այլ ճշմարտությունը հայտնելու և հարցնողներին պատասխան տալու համար։

Բոլոր քաղաքներում ու գյուղերում մեր շրջելու ժամանակ՝ թե արևելքի, թե արևմուտքի, որտեղ էլ ծերունի վարդապետ, եպիսկոպոս, քահանա էինք գտնում, այդ խնդրի մասին հարցնում էինք։ Նաև բոլոր եկեղեցիներում, ուր էլ հանդիպում էինք, այնտեղ եղած գրքերի հիշատակարանները կարդում էինք, որոնց մեջ բազմաթիվ վկայություններ գտանք, որոնցից առավել հավաստին առնելով՝ այստեղ շարադրեցինք։ Գնացինք Սպահան քաղաքը, մինչ գրքերի հիշատակարաններ էինք որոնում, գտանք մի ավետարան, որի հիշատակարանը այսպես էր. «Արդ՝ այս սուրբ ավետարանը գրվեց հայոց 878 [1429] թվականին սուտանուն կրոնավոր Գրիգորի ձեռքով Արգելան185 կոչվող վանքում մորս՝ լույս սուրբ Աստվածածնի և տեր Հուսիկի որդու սուրբ գերեզմանի հովանու ներքո Լուսավորչի հայրապետության ժամանակ, քանզի այս տարի Մկրտիչ վարդապետի մեր սուրբ ուխտի առաջնորդության Սսից աջը վերացավ, և չգիտենք, ինչ եղավ»։ Եղանք Սեբաստիայի սուրբ Հրեշտակապետի վանքում, այնտեղ կար մի ճաշի գիրք, որի հիշատակարանը այսպես էր գրված։ «Եվ այժմ այս ճաշու գիրքը գրվեց Արծկե186 քաղաքում՝ սրբաստեղծ ծովի հանդեպ, որտեղից մանր ձկներ են դուրս գալիս, պատերազմի սուր նշանին187 ամենամաքուր սուրբ Աստվածածնի կաթողիկեի հովանու տակ մեծ աթոռի հայրապետության ժամանակ, որ Սսում էր, խափանվեց, որովհետև սուրբ Լուսավորչի աջը այնտեղից գողացան, և երկու տարի հայոց մեր ազգը անտեր մնաց դառն ու չար ժամանակ, երբ շարժվել էր պիղծ Ջհանշահը188, հայոց 890 [1441] թվականն էր, որ այս ամեն բանը կատարվեց»։

Գնացինք Սպահան քաղաքը, ջուղայեցիների մեջ գտանք մի Հայսմավուրք, որի հիշատակարանը այսպես էր գրված. «Եվ արդ՝ այս Հայսմավուրքը գրվեց հայոց 890 թվականին Վասպուրական երկրում, Վան կոչված քաղաքում սուրբ Աստվածածնի