Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղից որի մասին լսեցինք այս պատմությունից և որին մեր աչքերով տեսանք, սրանք ուսումով և գործով պակաս չէին առաջին վարդապետներից, այլ ավելի առավել։ Նաև երկու վարդապետի անուններն էլ պիտի գրեմ՝ Հովհաննես Անթափեցի, որ կիլիկեացիների կաթողիկոսն է, և Գրիգոր Ղայսարցին Առաջին Հայքից, բանիբուն և սիրող իմաստասիրական հանճարի, իսկ Հովհաննեսը մեր ներսիսյաններից է, և Գրիգորը՝ Թորոսի աշակերտներից է։


ԳԼՈՒԽ ԼԳ
ԹԵ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՀԱՆԵՑԻՆ ՍՊԱՀԱՆԻ ՔԱՂԱՔԱՄԻՋԻՑ ԵՎ ՏԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԾԱՅՐԱՄԱՍԸ ԳԵՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԲՆԱԿԵՑՐԻՆ

Երկրորդ Շահ-Աբասի թագավորության ժամանակ թագավորության գահը գտնվում էր մեծահանդես քաղաք Սպահանում։

Այնպես եղավ, որ այս Շահ-Աբաս թագավորը Սպահան քաղաքից ելավ իր ամբողջ զորքով և գնաց Ղազբին քաղաքը. ոմանց երևելի մարդկանցից Սպահան քաղաքի վրա վերակացուներ ու իշխաններ նշանակեց, որպեսզի քաղաքը կառավարեն ըստ քաղաքի կարգերի պայմանի։ Շատ պատվերների հետ ավելի կարևոր, քան մյուս բոլոր պատվերները, այս կարգադրելով հրամայեց նրանց․ արգելեն և վերացնեն գինին, որ բնավ քաղաքում գինի չերևա, ոչ ոք բնավ խաղող չճմռի և գինի չանի, ոչ ոք գինի չվաճառի և չխմի, գինու նշան կամ հոտ չերևա ոչ ռամիկների, ոչ իշխանների և ոչ էլ հեծյալ սպայազորի մոտ։ Ւսկ եթե որևէ մեկի մոտ գտնվի՝ լինի վաճառող, թե գնող, այնպիսինին պատժեն տուգանքով, կտրեն քիթն ու ականջները։ Ւսկ եթե այդ անզգամության մեջ գտնեն շատ անգամ, այդպիսինին սպանեն որովայնը պատռելով և գլուխը հատելով, նաև տեսակ–տեսակ տանջանքների ենթարկելով։ Ամեն բանից ավելի կարևոր այս պատվիրեց շահը իր նշանակած քաղաքապետներին, իսկ ինքը Սպահանից ելավ, Ղազբին գնաց։

Ամիսներ անցնելուց հետո թագավորի եպարքոսը, որին իրենք Էհդիմալ–դովլաթ են ասում, որի անունն էր Մահմադ