ուրիշ տեղ տվիր, այդպես էլ մեզ բնակության տեղ տուր, քաղաքի ծայրամասում մի որևէ տեղ ապրելու համար, որպեսզի քիչ-քիչ մեզ համար յուրաքանչյուրս բնակության տուն շինենք և քաղաքից ելնելով, այնտեղ հավաքվելով բնակվենք»:
Իսկ եպարքոսը պարսից այլ իշխանների հետ համախորհուրդ նրանց ցույց տվին քաղաքից հեռու ինչ-որ տեղ, որի անունը կոչում են Գոզալդարա, սա մոտ է Մուսալաս իմամին, բայց այս տեղը անհարմար ու անձեռնտու էր, նախ՝ որ քաղաքից շատ հեռու էր, երկրորդ ջուր չուներ, եթե (ուզեին) հեռվից ջուր բերել, ջուր չկար և չէր հասնի վայրի հեռավորության պատճառով, իսկ եթե տեղում ջրհոր փորեին, ջուր չէր բխի, որովհետև տեղը լեռնային էր ու քարքարոտ։
Այս անհարմար տեղը ցույց տվին այն պատճառով, որպեսզի սրանով անճարության ու տարակույսի մեջ ընկնեն հրեաները։ Այս պատճառով հրեաները չկարողացան գնալ այն տեղը, այլ մնացին դուրս, բացօթյա։
Սրանից հետո եպարքոսը մտածեց քիչ-քիչ տանջանքի մատնել հրեաներին։ Վաղ և հին ժամանակներից մի տեղում՝ քաղաքի ծայրամասում շինություններից ու բնակությունից դուրս ինչ-որ վայրում բարձր պարսպապատ, դուռը վրան մի տեղ կար, բայց պարսպի մեջ տուն կամ բնակություն բոլովին չկար, այլ լոկ միայն պարիսպ շուրջանակի բոլորված։
Եպարքոսը պարսիկ զորականներին հրամայեց, որ երկու հրեա մարդու մի զորական կանգնի իբրև չարչարիչ, և բոլորին բռնած և ձեռքի տակ ընկած հրեաներին կապանքով տանել և լցնել այն պարսպի մեջ. ջուր շաղ տալ նրա հատակը՝ գետնի վրա, բոլորի ձեռքերը հետևները կապել, նրանց վարտիքները հանել, հագուստների փեշերը վեր քշտել և մերկ մարմնով նստեցնել գետնի վրա։ Ժամսնակը ցուրտ աշուն էր, գետնի երեսը ջուր շաղ տալու ժամանակ գետինը թացանում էր, մանավանդ սառչում էր, իսկ խեղճ հրեաները մերկ մարմնով նստում էին սառած գետնի երեսին, և պարսիկ զինվորները գլխավերևները կանգնած ծեծում էին։ Հրեաները երեք օր, երեք գիշեր այսպես մնացին քաղցած ու անկերակուր, որովհետև ոչ ոք նրանց ուտելիք չէր տալիս։ Հրեաների