նրա պիղծ գեշը կորցնել: Թեպետ շատ ձևերով խոսեցին, բայց որևէ վճռի չհանգեցին, այլ չորսի համաձայնությամբ արին հետևյալ ձևով։ Երբ վրա հասավ գիշերը, կես գիշերին վերցրին պիղծ Ավատիայի դիակը և տարան, հեռացրին իրենց տներից և պողոտայի վրա ինչ-որ կողմ նետեցին այն, իսկ իրենք աներևութացան։
Այսպես անելու համար շատ հրեաների հարցրինք, թե ինչու այդպես անմիտ ու անվայել գործ արիք, որ սպանելուց հետո որևէ տեղում ծածուկ չկորցրիք, այլ տարաք պողոտայի վրա բաց դրեցիք։ Բոլորը այս պատճառաբանությունը տվին։ Հրեաների մեջ օրենք կա, եթե պատահի, որ որևէ մարդ մեռնի, պետք է նրա կինը ինքը ականատես լինի իր ամուսնու մահվան։ Իսկ եթե կնոջ ամուսինը օտար երկրում մեռնի, պետք է մի ականատես մարդ գա, վկայի նրա ամուսնու մահվան մասին, և կամ հավաստի լուր, կամ վկայական թուղթ գա ծանուցի ամուսնու մահը, ապա օրենքը իրավունք է տալիս կնոջը այլ տղամարդու հետ ամուսնանալ։ Իսկ եթե այդպես չէ, այդ կինը իրավունք չունի ամուսնանալու, այլ նստում է այրի ու անտեր, վշտով ու տառապանքով մինչև իր մահվան օրը: Այս չորս անձերը խղճալով Ավատիայի կնոջը, գեշը գցեցին պողոտայի վրա, որ նրա կինը տեսնի, իրավունք ունենա այլ մարդու հետ ամուսնանալու։
Եվ այն գիշեր, երը պիղծ Ավատիայի դիակը գցեցին պողոտայի վյրա, առավոտյան լույսը բացվելուն պես տեսան դիակը և բազմաթիվ մարդիկ հավաքվեցին վրան, և ճանաչվեց, թե ով է։ Ազդարարվեց հրեաներին և սպանվածի ազգականներին։ Սրանք հավաքվեցին նրա վրա և բարձր աղաղակով, խռովքով, որոնում, պահանջում էին սպանողին։ Իսկ Ավատիայի մայրը և կինը աճապարանքով գնացին եպարքոսի դուռը լալով ու հառաչանքներով կոծ արին, հայտնեցին նրան՝ ասելով. «Քո եղբայր Ավատիային սպանեցին»։ Այդպես էլ գնացին թագավորի դիվան բեկի (գերագույն դատավոր) մոտ և նրան հայտնեցին։ Նույն ժամին եպարքոսը և դիվանբեկը հրամայեցին շատ զորականների, որպեսզի շտապ հասնեն հրեաների թաղը, տներն ու պողոտաները, շուկաները և ինչ վայրում էլ լինի, բոլոր հրեա տղամարդկանց գտնեն, բռնեն, կապված բերեն դիվանբեկի առջև, որը և անմիջապես