Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն էլ ձանձրացավ։ Ապա նրանց հրամայեց, թե՝ «Որովհետև չեք կամենում թողնել հրեությունը, ձեզ վրա երևացող նշան փակցրեք, որով ամեն տեսնող ճանաչի ձեզ, թե հրեա եք»։ Հրեաները այս հրամանը ընդունեցին մեծ հոժարությամբ։ Իսկ իշխանը նրանց ծաղրուծանակելու համար հրամայեց մի լարանի վրա շարել պղնձե բոժոժներ, պղնձի ու երկաթի կտորներ, ջրխմիկ փարչի ու պուտուկի կանթեր և կախել բոլոր հրեա տղամարդկանց պարանոցից, որպեսզի հրեաները այդպիսի նշանով շրջեն փողոցներում։ Իսկ այն հրեաները, որ չունենան այդ նշանը, ենթարկվեն ծեծի, բանտի, տուգանքի։ Հրեաները ընդունեցին այս հրամանը, բոլորը իրենց պարանոցներից կախեցին իշխանի ասած (վզնոցը) և այդպես շրջում էին ամենուրեք։

Ուրիշ շատ տանջանքներ ու նեղություններ էլ կրեցին հրեաները, այնքան, մինչև որ նրանց տանջող պարսիկները ձանձրացան նրանց նեղելուց և ետ կանգնեցին, թողին հրեաներին չարչարելը։ Եվ նրանք այսպես ազատվեցին պարսիկների ձեռքից և տակավին իրենց հրեական հավատին են, իսկ ապագան աստծուն է իմանալի, որին փառք հավիտյանս, հավիտենից․ ամեն։


ԳԼՈՒԽ ԼԵ
ՄեԾ ՔԱՂԱՔ ԹԱՎՐԻԶԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

Հայոց 1090 [1641] թվականի փետրվար ամսի հինգին՝ ուրբաթ օրը, Թավրիզ քաղաքում և իր շրջակա գավառներում հանկարծակի ու անսպասելի մի ժամի ուժգին բախումով այնպիսի ահավոր երկրաշարժ եղավ, որ երկրի հաստաշերտ կեղևը դողում էր ինչպես տերևը, որը մեկը բռնելով ձեռքում, խաղացնում է, կամ ինչ-որ ամանում ջուր այս ու այն կողմ է տանում-բերում։ Քանզի ահավոր որոտումով երկիրը թնդաց դղրդալով սանդարամետական անդունդներից։ Սրանից հետո եղավ երկրաշարժը, որ կործանեց, տապալեց, քայքայեց քաղաքի բոլոր շենքերը։ Մեծամեծ, լայնանիստ, բարձրաբերձ ու զարմանատես շենքերը, որ քաղաքի