Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղը չափազանց նեղ էր. ուստի բոլոր կողմերից անել վիճակում մնաց։ Չոմարը նայելով տեսնում է իրեն մոտիկ փոքր ինչ զառիվայր տեղ, իսկ քարերի հոսքը իջնելով մի նեղ ձորակ հասնում է ծովեզրը։ Թեպետ դժվարին էր, այլ սպանման երկյուղից Չոմարը իջավ ձիուց ցած, բռնեց սանձը և նրանով ինքն ու ձին իջան ծովեզր․ ապա հեծավ ձին, բռնեց երիվարի սանձը, ամենաքաջ պատրաստակամությամբ իրեն հավաքեց և երիվարը քշեց ծովի մեջ։ Երբ երիվարը քշեց ծովը, սկզբում խորասուզվեց, գրեթե հասավ ծովի, հատակը, քանզի երկար ժամանակ անհայտացավ, չերևաց։ Եվ երբ անցավ որոշ պահ, այն մարդիկ, որոնք կապանի բերանն էին պահում, տեսան, որ հեռու տեղում ելան ջրի երեսը երիվարն ու Չոմարը, և այնքան հեռու տեղ դուրս եկան և երևացին, որ հրացանի գնդակը չէր հասնի, քանի որ կամեցան կրակել և սպանել նրան։ Եվ որովհետև գնդակը չէր հասնի, ուստի չկրակեցին։ Եվ շատ գովեստների արժանի այն երիվարն էր, որ վերցրած իրեն նստածին տանում էր ոչ թե իբրև ցամաքային կենդանի, այլ իբրև ջրային կենդանի գնում էր լողալով, շնչում էր, փնչում էր, փռնգտում էր, ծովի ջրերի անհաշիվ խորությունը շարժելով կտրում Էր և գնում լողալով։ Գնաց, հասավ ծովեզրը և ելավ ցամաք Ոստանի կողմում։

Երբ Չոմարը ցամաք ելավ, չգիտեր սահմաններն ու ճանապարհները, կամ վայրի ցամաքային ու տղմային տեղերը, ուստի տագնապալից երկյուղի պատճառով երիվարը ուղիղ քշեց իր դիմացի կողմը և գնում էր [կարծես] ոչ թե գետնի վրայով, այլ օդով։ Գնալով հանդիպեց շատ խիստ տղմուտ տեղի, որը շատ լայն էր ու խոր։ Նաև Չոմարը ինքը գիտեր ու տեսնում էլ էր, որ գավառի զորքերի բազմությունը գրոհ տալով, ընթանալով հետամտում են իրեն։ Եթե դառնա, գնա ցամաքային վայրով, վախենում է ընկնի նրանց ձեռքը, ուստի անմիջապես մտրակեց երիվարը, քշեց տղմի մեջ։ Թեպետ քիչ տեղ գնաց, բայց տղմի շատությունը արգելեց նրան իր մեջ շատ ժամեր։ Մեծ ջանքով ու չարչարանքով, այստեղ-այնտեղ տանել-բերելով հազիվ երիվարը տղմից