Էջ:Arakel of Tabriz, History.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տապճակը Չոմարը միշտ ձիու վրա էր պահում, ուր էլ գնում էր։ Երբ ձին քշեց ծովի ու տղմի մեջ, տապճակը ձիու վրա էր և բամբակը, որ տապճակի մեջ դրել ու կարել էին, ասածին, թե երեք լիտր էր։ Իսկ ձին հսկայաձև էր, բարձրահասակ, զորեղ, լայնալանջ, երկայն ավիղ, կապտագույն, գեղեցկատես, սիգաճեմ. մարդու նման որոշում էր ժամանակն ու դիպվածը և ճանաչում իր տիրոջը։ Այժմ Եղդիշեր իշխանի մոտ է, նրանից հինգ քուռակ են ստացել։

Արդ՝ պիղծ Չոմարի սատակումը այսպես եղավ, ինչպես որ պատմեցինք։ Ժամանակն է, որ այսուհետև պատմենք Սուլեյման բեկի սատակման և Սուրբ նշանի Վան քաղաք վերադարձի մասին, քանզի մեր պատմությունը Սուրբ նշանի մասին է և ոչ թե անօրեն մարդկանց։


ԳԼՈՒԽ ԽԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵԿԻ ՍԱՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես նախօրոք պատմեցինք, Սուլեյման բեկը կողոպտեց Վարագա վանքը, վերցրեց բոլոր անոթները և Ավագ Սուրբ նշանը և տարավ Խոշաբի բերդը ու այնտեղ էր պահում։

Հոգվոց վանքը, որ հիշատակվում է Սրբուհի Աստվածածնի վերափոխման պատմության մեջ, սուրբ առաքյալ Բարդուղիմեոսի կողմից է շինվել, և այնտեղ է պահվում Սրբուհի Աստվածածնի կենդանագիր պատկերը227։ Այս վանքը Խոշաբի երկրում է գտնվում և Սուլեյման բեկի իշխանության ներքո։ Երբ սրա համար Սուլեյման բեկը եկավ Խոշաբ, իր մոտ կանչեց Հոգվոց վանքի առաջնորդ տեր Պետրոս եպիսկոպոսին և իբրև նրան երախտավոր ձևանալով ուրախությամբ ասաց․ «Վարագից բերի ձեր մեծ Սուրբ նշանը, այժմ այն քեզ եմ տալիս, որպեսզի տանես, դնես մեր վանքում, այնտեղ մնա»։

Իսկ եպիսկոպոսը մտքով իմանալով և խորհելով, թե այն իրենց չի մնալու, ուստի պատասխանել էր․ «Անհնար է, որ այդ Սուրբ նշան մեզ մոտ մնա, որովհետև ի բնե այդ նրանց