ավարը, կռիվը, վրդովությունը. և քանի սա կենդանի է, գիտենք որ խաղաղություն չի լինի, ուստի սրան սպանենք, որ մեր աշխարհի խռովությունը վերանա»։
Այս մտադրությունը որոշ մարդիկ իմացան և հայտնեցին Սուլեյման բեկին, թե՝ «Քո երեք փառավոր իշխանները, որոնք են՝ մոլլա Ղասումը, Մուստաֆա բեկը և Իբրահամ բեկը դարձել են գլխավոր և այլ իշխանների հետ մտածել են քեզ սպանել»։ Սուլեյման բեկը բռնեց այդ երեք իշխաններին նետեց բանտ՝ երկաթե շղթաներով կապած։ Երեք իշխանների բանտարկումը տեղի ունեցավ աղուհացքի առաջին շաբաթում։ Իսկ կապված իշխանները աղերսագրով, միջնորդով, շատ ձևերով աղաչանք ու խնդրանք արին Սուլեյման բեկին, որ իրենց ազատի, բայց նա չազատեց։
Երբ իշխանները համոզվեցին, որ չի ազատի, այլ կսպանի, ուրիշ հնարներ մտածեցին. իրենց մոտ բերին Սուլեյման բեկի աներոջը, որի անունն Էր Մուստաֆա բեկ։ Շատ օրեր ու շատ ձևերով խոսեցին նրա հետ, որ գուցե կարողանա մի հնար գտնել իրենց փրկության համար։
Խորհելիս, խոսելիս իշխանները Սուլեյման բեկի աներոջը ասացին. «Եթե դու կարողանայիր մեզ փրկել, մենք քեզ Սուլեյման բեկի փոխարեն մեզ համար իշխան ու պարոն կնշանակենք, քանզի դու իշխանի որդի ես։ Եվ իրոք այս Մուստաֆա բեկը իշխանի որդի է։ Արդ եթե դու սպանես Սուլեյման բեկին, անպատճառ քեզ Սուլեյման բեկի տեղը իշխան կդնենք։ Եվ երբ աները չէր հավատում, շատ երդումներով և պեսպես խոսքերով ուխտ հաստատեցին այնքան, որ իշխանների խոսքերին հավատաց, քանզի խորագետ մարդ չէր, այլ պարզամիտ էր, ուստի և հավատաց։
Սրանից հետո այսպիսի բան հնարեցին. այս երեք կապված իշխաններից մեկի որդին և երկուսի երկու ծառաները իրենց սրերը թաքցրին իրենց հագուստների տակ, արտաքուստ կանացի զգեստ հագան և սավանով ծածկեցին ու ձևացան իբր իսկական կին:
Կանանց կերպարանք առած այս երեք տղամարդիկ ու Սուլեյման բեկի աներ Մուստաֆա բեկը մի օր լույսը բացվելու