Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ ելան, ուղղվեցին ու գնացին բերդը։ Եկան հասան բերդի առաջին դուռը, բերդի դռնապանը և մյուս մարդիկ տեսան, որ Սուլեյման բեկի աներն է գնում և իր առջև ունի մի փոքրիկ մատղաշ մանուկ՝ իր որդին, և երեք կանայք նրա հետևից։ Երբ եկան, հասան բերդի դուռը, այդ ժամանակ դռնապանները հարցում արին Մուստաֆա բեկին կանանց մասին, իսկ նա ասաց, թե կանայք կապված իշխանների կանայք են, գնում են Սուլեյման բեկի կնոջ մոտ նրան խնդրելու, որպեսզի նա բարեխոսի Սուլեյման բեկի առջև սրանց ամուսինների համար։ Երբ այս խոսքը դռնապանները լսեցին, թույլ տվին գնալ։ Նրանք անցնելով բերդի բոլոր դռներից, հասան մինչև վերջին դուռը։ Այնտեղ նույնպես հարցում արին դռնապանները, Մուստաֆա բեկը սրանց ևս պատասխանեց առաջինի նման, ուստի դռնապանները թույլ տվին, քանզի ով էլ տեսնում էր Մուստաֆա բեկին և նրա տղային առջևում և լսում պատասխանը, աներկբայորեն հավատում էին, քանի որ համարում էին, թե ինչպես երեկ և նախորդ օրը գնում գալիս է Մուստաֆա բեկը Սուլեյման բեկի մոտ, այդսլես էլ այժմ, ուստի թողնում էին, որ գնա։

Նրանք անցնելով բոլոր դռները՝ գնացին հասան Սուլեյման բեկի ապարանքը, մոտեցան, կանգնեցին տան դռանը, որտեղ Սուլեյման բեկը գիշերը քնում էր և այդ ժամին տակավին անկողնում էր գտնվում, բայց արթուն էր։ Սուլեյման բեկի կինը և երկու աղախինները ևս տանն էին։ Նախ ներս՝ տուն մտավ Մուստաֆա բեկը, Սուլեյման բեկը երեսը բացեց և իր աներոջը տեսավ տանը և երեք կանանց տան դռան արտաքնամասում, դարձյալ վերմակով ծածկեց երեսը, որովհետև կարծեց, թե կերպավորված կանայք իրոք կին են, և կարծեց կապված իշխանների համար բարեխոսելու են եկել, ուստի իր երեսը ծածկեց։

Իսկույն փոթորկի նման ընթացան կերպավորված կանայք և ընկան Սուլեյման բեկի վրա, իրենց սրերով ծակոտելով խողխողեցին, սպանեցին Սուլեյման բեկին։

Սուլեյման բեկի սատակումը տեղի ունեցավ աղուհացքի հինգերորդ շաբաթվա ուրբաթ օրը, ճիշտ այն օրը, երբ Սուլեյման