Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավ մագաղաթի կտորը ու կարդաց, մագաղաթի վրա գրված էր հետևյալը.

«Սա սուրբ Հովհաննես Կարապետի նշխարների մասն է, որ Գրիգոր Լուսավորիչը բերեց Հայաստան և դրեց Խրամ230 քաղաքում․ հայոց 421 [972] թվականին բերին Ջուղա»: Այսքան խոսք էր գրված մագաղաթի վրա։ Շմավոն եպիսկոպոսը Սուրբ Հովհաննեսի նշխարների գյուտի համար գոհացավ աստծուց և լցվեց մեծ ուրախությամբ։ Այլազգիի սիրտը գրավեց, նրան ինչք տվեց և նրանից նշխարները առավ․ մարդը գնաց իր տեղը։

Օրեր հետո այս բանը հայտնի եղավ Սպահան գնացած ջուղայեցի ժողովրդին, որի պետն ու գլխավորն էր խոջա Նազարը։ Ոչ միայն (հայտնի եղավ) ջուղայեցիներին, այլ նաև պարսից թագավորական իշխանության ներքո բնակվող բոլոր հայազգի քրիստոնյաներին։

Քանզի այս խոջա Նազարը չափազանց հզոր էր ու նշանավոր, նաև սիրելի էր Շահ-Աբասին, ուստի խոջա Նազարը ջուղայեցիներից մի քանի մարդ ուղարկեց Շմավոն եպիսկոպոսի մոտ և նրանից խնդրեց նշխարների մի մասը, նաև սպառնալից ու ահազդու խոսքեր։ Խոջա Նազարի կողմից ուղարկվածները եկան եպիսկոպոսից պահանջեցին նշխարների մասը։ Խոջա Նազարի երկյուղից վախենալով եպիսկոպոսը չկարողացավ թաքցնել կամ գլուխը պրծացնել ջուղայեցիներից, մտածեց նրանց տալ նշխարները։ Բայց մասերից մեծ կտորը թաքուն պահեց իր մոտ, սա թիակի գլուխն էր, որ բոլոր ուսոսկորների տեղն է։ Իսկ մյուս մասունքները և գրված մագաղաթը դրին միևնույն արկղում և տվին ջուղայեցիներին, որոնք տարան Սպահան քաղաքը խոջա Նազարի մոտ։

Իսկ Շմավոն եպիսկոպոսը այն նշխարը պահեց իր մոտ մինչև այս ժամանակ, երբ մեր հայոց 1103 [1654] թվականն է, երբ մեծ վարդապետ Հակոբը, որ ջուղայեցի էր, նորոգում էր Սուրբ Ստեփանոս նախավկայի միևնույն վանքը։ Շատ ու անթիվ ծախսերով և ծանր աշխատանքով եկեղեցու հիմքից մինչև ավարտը կոփածո քարերով, նաև ողջ պարիսպը, սրա մեջ գտնված շենքերը, հիմքից ձեռնարկելով վերստին նորոգեց։