Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրիստոնյաներին, իսկ նրանք բերին տվին Խաչատուրին․ նա հացը առավ, հաղորդով ճաշակեց և աստծուց գոհացավ։

Այդպես ջախջախված անդամներով ընկած էր հանդիսարանի մեջ մինչև իրիկվա մթնշաղը։ Իսկ բաղիշեցի Խաչատուր վարդապետը և բալուեցի Սամվել աբեղան երեկոյան մթնշաղի ժամանակ եկան սուրբ Խաչատուրի մոտ և ընկած սուրբի մարմնի վրա կսկծագին այրումով ողբում էին և համբուրում էին նրա սուրբ գլուխը և խղճալով մխիթարում էին նրան հուսադրական խոսքերով և հավատի մեջ ամրապնդում։

Սուրբ Խաչատուրը ասաց Խաչատուր վարդապետին. «Դե գիտես, որ ձեռք չունեմ, որով բռնեմ քո սուրբ աջը և համբուրեմ, ուստի խնդրում եմ քեզ, մոտեցրու քո սուրբ աջը իմ շրթունքներին, որ համբուրեմ»։ Վարդապետը իր աջը մոտեցրեց Խաչատուրի սուրբ շրթունքներին, որ տենչանքով համբուրեց, նաև վարդապետին ասաց սուրբ Խաչատուրը. «Քեզնից խնդրում եմ՝ ինձ համար աղոթել»։ Վարդապետը պատասխանեց․ «Որդյակ, թեև մենք ունենք քահանայության կարգ ու աստիճան, բայց մեղավոր ենք ու աստծու առջև պարտական. իսկ դու Քրիստոսի շնորհներով և քո նահատակությամբ տիրոջից ողորմություն գտար և քեզ համար աստծու արքայության ճանապարհը բացիր և Քրիստոսի մոտ համարձակություն ունես, ուստի դու բարեխոսիր մեզ համար»։

Մահմեդականների երկյուղից չկարողացան նրա մոտ երկար մնալ, այլ սրբի աղոթքը առան և հապճեպ վերադարձան իրենց տեղերը։

Իսկ սուրբ Խաչատուրը այդպես ջախջախված մարմնով կենդանի մնաց մինչև կես գիշեր և ապա իր սուրբ հոգին ավանդեց աստծուն ինչպես անուշ խունկ։

Սուրբ հոգին ավանդելուց հետո տեր Քրիստոսը փառավորեց նրան, որովհետև երկնքից պայծառ լույս իջավ նրա վրա և մնաց բավական ժամանակ, որը տեսան նրան մոտիկ կանգնած պահապան զորականները. նաև շատ խանութպանները, որոնք մոտիկ էին և արթուն, այլև այն մարդիկ, որոնք հրապարակում տախտակների վրա քնել էին, որովհետև ժամանակը ամառ էր, բոլորը տեսնում էին լույսը, փառավորում աստծուն, երանում էին սուրբ Խաչատուրին և վկայում