Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրիստոնեական հավատի ճշմարիտ լինելը, որ այսպիսի հրաշք երևաց երկնքից։

Առավոտյան լույսը բացվելիս այս լուրը ամեն տեղ հռչակվեց, և ովքեր լսում էին, աստծուն փառավորում էին։

Իսկ օրը բացվելու ժամանակ քրիստոնյաները մոտեցան ղադիին ու փաշային, խնդրեցին՝ թույլատրել սրբին թաղելու, իսկ նրանք թույլատրեցին։ Նաև քաղաքագլուխը տասնհինգ ղուռուշ առավ և ապա մի քահանա և ութ աշխարհական եկան, սուրբ նահատակի մարմինը դագաղով վերցրին, տարան հայոց գերեզմանատուն, որտեղ քրիստոնյաների անհաշիվ բազմություն հավաքվեց՝ ոչ միայն հայեր, այլև հոռոմներ, ասորիներ, յաղուրիներ236, նաև շատ մահմեդականներ՝ ոմանք զվարճանալու և ոմանք նայելու համար։ Իսկ քրիստոնյաները ջերմեռանդ տենչանքով համբուրում էին սրբին, որին պահեցին մինչև վերջին օրը, որպեսզի ժողովուրդը համբուրի, քանի որ քաղաքում մարդ չէր մնացել, որ չգար սրբի թաղմանը։ Նրանք իրենց էին ողբում, երանում էին սրբին և մխիթարում էին նրա ծնողներին։ Մեծ փառքով թաղեցին սրբին նահատակների շարքում։

Իսկ այն գիշեր երկրորդ անգամ տեր Քրիստոսը փառավորեց իր նահատակին, որովհետև երկրորդ անգամ երկնքից պայծառ լույս իջավ նրա սուրբ գերեզմանի վրա. այս տեսան պահապան քրիստոնյաները, որոնք մահմեդականների նենգությունից գերեզմանը զերծ պահելու համար զգուշացան, որ չխարդախեն։ Նաև շատ քրիստոնյա տղամարդիկ սրբի սիրո համար այդ գիշեր մնացին այնտեղ գերեզմանատանը, լուսը տեսան և առավոտյան եկան ամենին պատմում էին։

Արդեն բազմաթիվ բժշկություններ են կատարվում նրա սուրբ գերեզմանի կողմից ցավագարների, հիվանդների վրա, որոնք հավատով դիմում են նրան։ Նաև այն խեցին, որով ջուր խմեց սուրբ Խաչատուրը, բժշկություն է անում, որովհետև երբ հիվանդների վրա այն խեցիով ջուր են թափում, սուրբ Խաչատուրի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով առողջանում են, որին փառք հավիտյանս․ ամեն։

Նաև աստվածային շնորհը իր նահատակի՝ սուրբ Խաչատուրի պատվի ու սիրո համար իր քրիստոնյա ժողովրդի համար