Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկայությունը։ Խոսրով փաշան շատ անգամ իր առջև բերեց Ավետիսին և նույն բանը հրամայեց նրան, թե ուրացիր քրիստոնեական հավատը և ընդունիր մահմեդական հավատը, և ես ինչ բարիքներ, որ խոստացել եմ, ավելուրդով կտամ քեզ։ Բայց Ավետիսը չուրացավ իր քրիստոնեական հավատը: Իսկ Խոսրով փաշան երբ տեսավ, որ Ավետիսը ամուր է կանգնած քրիստոնեական հավատին և չի կամենում նրանից հետ կանգնել, ուստի հրամայեց կապանքներից արձակել և թողնել իր կամքին, որ ապրի քրիստոնեական հավատով։ Իսկ Մահմեդի օրենքների կարդացողները՝ մոլլաները, մուդաոիսները[1] հավաքվեցին Խոսրով փաշայի մոտ և իրենց գրքերի խոսքերից էին ասում նրան, թե՝ «Դու պարտավոր ես բռնի կերպով նրան մեր ճշմարիտ հավատքին բերել, իսկ եթե չհամաձայնվի, սպանել»։ Իսկ Խոսրով փաշան իր օձիքը թափ տալով ասաց. «Այդ մարդու արյան հանդեպ ես անպարտ եմ և այդ դատաստանից անմասն, եթե իմ խոսքին լսեք, կթողնեք դրան, որովհետև անմեղ է, իսկ եթե չեք թողնում, դուք գիտեք»:

Իսկ մոլլաներն ու մուդաոիսները բոլորը հարձակվեցին Ավետիսի վրա, հափշտակեցին և տարան իրենց մեջ, սկսեցին նրան զարդարել ազնիվ և թանկագին հագուստով, անուշահամ կերակուրներով, ըմպելիքներով և հաճելի խոսքերով զվարճացնել նրան և Խոսրով փաշայի բոլոր խոստացածների կրկնակին խոստացան տալ նրան, բայց Ավետիսը չուրացավ քրիստոնեական կրոնը։ Այնուհետև, երբ տեսան չուրացավ, սկսեցին նրան չարչարել պեսպես ձևերով. և մանավանդ որ պարանոցից մինչև ոտքերը մարմնի փափուկ տեղերը սրի ծայրով ծակոտեցին: Նրա մարմինը մի ձեռնաչափ տեղ անծակ չմնաց, արյունից ներկվեց ողջ մարմինը և զգեստը այնպես, որ տեսնողների մարմինները սարսռեցնում Էր։ Իսկ Խոսրով փաշան մի անգամ ևս խնդրեց Ավետիսին, երբ նրան բերին նրա առջև և տեսավ այդպիսի արյունաշաղախ մարմնով, սոսկալով զարմացավ և խիստ ցասումով մեղադրեց մոլլաներին և այդ ժամանակ նույնպես

  1. Արաբերեն ուսուցչապետ, այստեղ նշանակում է աստվածաբան