Էջ:Arakel of Tabriz, History.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրամայեց Ավետիսին թողնել, որ ապրի իր հավատով. իսկ արյունարբու մոլլաները չթողին, այլ առան-տարան բերդից դուրս հրապարակի մեջ, այնտեղ ևս շատ անգամ ստիպեցին, նրան, ասելով. «Ուրացիր քո հավատը և ընդունիր մեր հավատը, ապա թե ոչ գլուխդ կկտրենք։ Բայց նա չհամաձայնվեց և չուրացավ, ուստի սրով կտրեցին երանյալ Ավետիսի գլուխը։ Իսկ իր նահատակության ժամին Ավետիսը իր դեմքը դեպի արևելք էր բռնել, բայց չարիքների ծառա մոլլաները բռնի կերպով նրա դեմքը դարձրին հարավային կողմը, սակայն սուրբը նրանց չենթարկվեց, այլ դեմքը ուղղեց դեպ արևելք և այդպես մեռավ Քրիստոսի հավատի համար՝ դավանելով ճշմարիտ Քրիստոս աստծուն։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց իր նահատակներին երկնային լույսի նշանով, որ իջավ նրա վրա. սրան ականատես եղան Փիզան բերդի բոլոր բնակիչները, և նրանք, որ բերդի շուրջն էին, նաև ինքը Խոսրով փաշան, որ իր տան բարձր շենքից նայելով՝ տեսնում էր սյունաձև ճառագայթած լույսը նրա [Ավետիսի] վրա, նաև (տեսան) սպանող մոլլաները, ուստի սպանող մոլլաները շտապելով այնտեղից վերցրին Ավետիսի մարմինը և տարան ինչ-որ ուրիշ տեղ, մեկի տան մեջ պահեցին. մինչև օրը լուսացավ, ապա կանչեցին Ավետիսի եղբորը, որի անունն էր Թաբառուկ. սրան հրամայեցին՝ վերցնել Ավետիսի մարմինը և տանել թաղել:

Հավաքվեցին քրիստոնյա մարդիկ՝ քահանաներ, աշխարհականներ, նահատակին վերցրին, տարան այն գյուղը, որ կոչում են Առակ և այնտեղ նրան հանգիստ դրին գերեզմանում սաղմոսերգությամբ, օրհնությամբ և հոգևոր երգերով։

Այս երանելի մարդու՝ Ավետիսի նահատակությունը կատարվեց մեր 1105 [1656] թվականի մարտի քսանին մեր հավիտյանս հավիատենից օրհնված Քրիստոս աստծու փառքի համար. ամեն: