Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո։ Ապա Կոստանդնուպոլսում և այլ շատ քաղաքներում մնացին գլխարկով։

Այս թագավոր սուլթան Մուրադը շատ զորք ուղարկեց Պարսկաստանի վրա և գրավեց Թավրիզը, Երևանը, Գանձակը, Արշարը և Շամախին մինչև Ալանների դուռը239, որ դրել է Ալեքսանդր Մակեդոնացին։

Երեսուն օրվա ճանապարհի լայնությամբ ու երկայնությամբ տիրեց երկրների։ Տասնհինգ տարի ասպատակվելով՝ սովին ու ցրտից շատերը մեռան, շատ երկրներ ավերվեցին։ Հետո մի փոքր ժամանակ խաղաղություն եղավ։

Սուլթան Մուրադի մահից հետո գահ նստեց նրա որդի սուլթան Մահմադը հայոց 1044 [1596] թվին, բայց խաղաղություն չարեց։ Սրա ժամանակ շատ քաղաքներ ու երկրներ ավերվեցին, որովհետև չէր կարողանում թագավորությունը վարել։ Բոլոր ծառաներն ու տերերը ապստամբվեցին և երես դարձրին նրանից, քանզի միայն ինքը չէր կառավարում։ Երբ մի քաղաք տալիս էր որևէ փաշայի կամ պարոնի, տասն օր կամ քսան օր հետո մայրը կամ քույրը, կամ կինը, կամ վեզիրը տալիս էին մի այլ փաշայի և առնում էին շատ կարմիր դահեկան։ Տիգրանակերտ Ամիդը վեց ամսում ինը փաշայի տվին։ Պատահում էր, որ փաշան էր գալիս, պատահում էր, որ փաշայի ներկայացուցիչը, նրանք որ գալիս էին, գիտեին, որ վերջը փուչ է, ուստի նրանք էլ սկսում էին կողոպտել ու թալանել քաղաքն ու երկիրը։ Ինչ երկարեմ, երբ գրով չեմ կարող պատմել։ Ամիդում այստեղ-այնտեղ շինություն կար, իսկ երբ Ամիդից կես օրվա տարածությունից դուրս ես գալիս մինչև մեծ քաղաք Պոլիս, ավերակ է, տեղ-տեղ են շենքեր գտնվում։ Այս սուլթան Մահմադի ժամանակ Չոռոմ գյուղաքաղաքում հայտնվեց Յազիչի անունով մեկը, որ ուներ Հասան անունով մի եղբայր. ոչ թագավորական տոհմից էր և ոչ մեծ ցեղից, այլ գռեհիկի մեկն էր և ավելի ոչինչ, քան մյուս բոլոր մարդիկ։ Շատ ավերածություններ արեց, հարկապահանջություն էր գցել գյուղերում ու քաղաքներում մինչև Բյուզանդիայի քաղաքի դռները։ Գանգատավորներ հավաքվեցին և գնացին սուլթան Մահմեդի մոտ, թե երկիր ու քաղաք բոլորը ավերվեցին մի ոչինչ մարդուց։ Թագավորը հրաման տվեց, Ամիդ քաղաքում հավաքվեցին հիսուն