Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար մարդ՝ ավելի, քան թե պակաս, զորագլխով գնացին նրա վրա, բայց չկարողացան հաղթել, այլ իրենք պարտվեցին։ Նա Ուռհայում էր պաշարված, Ուռհայի բերդի մեծավորին բերդից ցած նետեց, տիրեց բերդն ու քաղաքը, մի ավագ քահանա, մի տանուտեր նահատակեց գանձ հավաքելու համար, իսկ մահմեդական մեծամեծներ շատ սպանեց և այնքան շատ վնաս տվեց Ուռհա քաղաքին, որ պատմել չի լինի։

Երեք տարի վրան հարձակվեցին, բայց իրենց զորապետով պարտվեցին ու ոչնչացան։ Հետո թագավորը վիրավորվեց և հնարք մտածեց, ուղարկեց շատ գանձեր ու նվերահանդերձներ և նրան կանչեց, անցկացրեց մեծ ծովը և նշանակեց իր զորքերի զորապետ ֆռանգների ու մաճառների դեմ։ Այնքան տկարացավ այս թագավորը, որ չկարողացավ հաղթել, այլ հնարք մտածեց և այդ արեց։ Սա ինը տարի թագավորեց. սրա ժամանակ Օսմանի շառավիղների թագավորությունը խանգարվեց։

1053 [1604] թվին սուլթան Մահմադը մեռավ, գահ նստեց սրա որդի սուլթան Ահմադ Ջհանգիրը մանուկ հասակում: 1067 [1618] թվին սուլթան Ահմադը մեռավ, թագավորեց սրա եղբայր սուլթան Մուստաֆան։ Բեզամա արին[1] չորս ամիս ապրեց իբրև թագավոր, հարկադրանքով ցած իջեցրին և թագավորեցրին սրա եղբորորդի սուլթան Օսմանին տղա հասակում տասնչորս տարեկան և այս տարի՝ 1070 [1621] թվին սուլթան Օսմանը Թաթար խանի հետ գնաց լեհերի վրա պատերազմելու, վերադարձան բազմաթիվ գերիներով։ Նրա ողջ երկիրը բեզամա արին։ Այս նույն տարին աստված սուլթան Օսմանից գերիների վրեժը առավ. զորքը հարձակվեց նրա վրա, սպանեց և թագավորեցրեց սուլթան Մուստաֆային՝ նրա հորեղբորը բանտից հանելով։ Այս պատմությունը ավարտվեց։

  1. Բեզամայ բառը, որ երկու տեղ կրկնվում է միևնույն կապակցությամբ (արարին բեզամայ, բեզամայ արարին) անհասկանալի է։ Ռուսերեն հրատարակության մեջ թարգմանված է մեղադրեցին, բայց՝ «նրա՝ ողջ երկիրը Բեզամա արին»-ը այդ նշանակությանը չի համապատասխանում։