դեղին ծուխ է բարձրանում։ Եթե այն սամիթաջրով տրորեն և օձահարին քսեն կօգնի և անմիջապես ցավը կմեղմացնի։ Ամեն տեսակի գազանահարի օգնում է, չարը խափանում է։ Եթե տասներկու գարեհատի քաշով տան, սրտի թուլությանը օգնում է և մարդուն լավ ուժ է տալիս։ Իր ընդունելու չափը կես դանգ է [երկու գարեհատի կշիռի]. ով ամեն օր սրանից կես դանգ ուտի, կազատվի ամեն չար փորձանքից ու ամեն մահացու դեղերից. օգնում է նաև դյուրաբորբոքին, սրա պատճառը այն է, որ դյուրաբորբոքը այդ բանը անում է ոչ իր բնույթով, իսկ այս դեղի հատկությունը խիստ ջերմ է, իմացիր։
Այնպես իմացիր, որ համպարը թանկագին քարերի կարգին չի պատկանում, բայց դրանց շարքում է գործածվում։ Եմենի ծովի մակերևույթին է լինում։ Զուլումաթը մի քանի կղզի է, այնտեղ ծառեր կան. այդ ծառերի վրա է իջնում ինչպես մանանա [տըփս], ինչպես մեղր։ Վրան շատ ճանճ է իջնում։ Ծառերի վրա այնքան է իջնում, որ ավելանում, հոսում է դեպի ծովը և ծովի մակերևույթը մոմի նման պատում է և խփում է ափը, ծովեզրում շրջող մարդիկ հավաքում են 5—10 լիտր։ Մի անգամ վաճառականները գտան ինչպես մի քար. մարդ չէր հանդիպել [ծովի] վրան քարի նման էր դարձել։
Իմացիր, որ համպարը չորս տեսակ է լինում շամամագույն, խաշխաշագույն, ծխախոտագույն, պիստակագույն։ Շամամագույնը կլոր է լինում, երբ վերևի շերտը կոտրեն, նմանվում է խաշխաշագույնին։ Խաշխաշագույնն էլ այդպես է։ Ծխախոտագույնն էլ մեջը սպիտակ է ու ամուր։ Պիստակագույնը փափուկ է, շամամագույնը, պետք է իմանալ, 10 մսխալը 5 ֆլորինով կարելի է առնել, իսկ եթե այլ վայրում ծախես, 15 և էլ ավելի կբերի։ Եթե խաշխաշագույնը չորս ֆլորինով առնես, տասներկուսով կծախվի, իսկ եթե ծխախոտագույնը և պիստակագույնը երկու ֆլորինով առնես, այլ վայրում վեց արժե։ Համպարը անուշաբույր է, մարդու քիմքը անուշ է պահում, թախիծը վանում է, աչքերին լավ է, քոսի ու գլխացավի օգտակար է։
Լաջվարդի հանքը Բադախշանում է, Քաղում էլ է լինում, սակայն ամայի է։ Ինչ-որ տներում են մշակում, Քաշից է։