Էջ:Arakel of Tabriz, History.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սամոսատում մի սևագույն քար կա, ծեծում ու բերում են ծախում. կրակից դուրս չի գալիս, իսկ բադախշանը տասը օր կրակում մնում է, չի փչանում, որովհետև գոհար է։ Այնպես իմացիր, որ լավը ձվի նման կեղև ունի՝ սպիտակ ու փափուկ։ Հարյուր մսխալը արժի քսանհինգ ֆլորին։ Խամը (չմշակված) կտոր-կտոր է լինում։ Հարյուր մսխալ լվանում են, կանգնում է քսանհինգ մսխալ։ Ով իմանում է լվանալը, շատ շահավետ է, անլվան քաշին է նման։ Ամալին ու բադաշխին կրակն է զանազանում. աչքերին ավելի օգտակար է, քան ծարիր քաշելը, մաքուր է պահում։ Ճինար[1] ցավի դեմ օգտակար է, մեջքացավը վանում է։

Մարջանը երեք վայրում է լինում՝ Թուսե քաղաքում, որ Մղրիբի կողմն է։ Դարձյալ ծովից են հանում, ինչպես մարգարիտը։ Քանի դեռ ծովում է, փափուկ է, երբ դուրս են բերում, ամրանում է։ Մի քաղաք էլ կա Ֆռանկստանում, Քիսա են կոչում, այնտեղ էլ է լինում։ Օրմուզի ծովի նավահանգիստներում կա, սև է լինում, որին ուսր են անվանում, նրա սպիտակը մի բան չէ, կարմիր չտաշածը Կուճրաթում գնահատվում է։ Տաշվածը արևելքում արծաթի հետ հավասար գնում է։ Հատկությունը մոռացկոտի համար լավ է, գլուխը չի շարժի, սրտին ուժ է տալիս, ծաթրաքարի հետ խառնված աչքերին օգտակար է։

Աղեղը (սարդիոն) երեք վայրում է լինում՝ Ա. Եմենում, Բ. Գուջարաթում, Պարվաճում շատ է լինում, Գ. Քալբարկում. բայց սրանք Եմենինի նման չեն։ Եմենինի բնույթը այն է, որ իրեն նայելիս չար են կամենում, լավ է լինում։ Հղի կնոջ մոտ օգտակար է։

Հասպիսը, Խաթայի ու Չինաստանի միջև մի գետ կա, այս գետի քարերը հասպիս են։ Հասպիսը հինգ գույն ունի՝ սպիտակ, ձիթապտղագույն, կանաչ, սև, սամիթագույն։ Ամենալավը ձիթապտղագույն քարն է։ Այնտեղ, ով իր մոտ չի պահում (դրանից), նրան չեն հարգում։ Տարեկան հինգ հազար ֆլորին է ստացվում, ով մոտը ունենա, երկրաշարժ չի լինի, մարդու սիրտ չի խփի, կայծակի դեմ օգտակար է։

  1. Հիվանդության անուն է։