քանդվելով ավերվեցին։ Եթե որևէ անկյունում շինություն էր մնացած լինում, այնտեղ զետեղվում էին տնանկներն ու մերկերը։ Տղամարդիկ, կանայք առանց օթևանի արտասվալից դեմքերով շրջում էին օտարների դռներում, ուրիշների տներում իրենց համար ուտելիք խնդրելու համար։ Ուտելիքները չբավականացնելու պատճառով նրանցից ուժեղները գաղտնի մտնում էին ոչխարների փարախները և տավարների գոմերը, և չկարողանալով անասուններից մեծերին մորթել, իրենց հետ սուր չունենալով, իրենց ուժով բռնում էին գեղեցիկ հորթեր, մատղաշ գառներ և ուլեր, պատռում էին նրանց կողերը, հանում էին նրանց սիրտն ու փորոտին, հում-հում ուտում և գաղտնի գնում էին։ Ոչ ոք կասկած չէր ունենում, թե այս բանը նրանց կողմից է արվում, մինչև որ ոմանք տեսել են նրանց այսպիսի գործերի վրա և հավաստի իմացել են այդ։ Իսկ նրանցից թույլերը անասունների ու ձիերի աղբակույտերի մեջ որոնում, գտնում էին գարու հատիկներ և ուտում։ Այլև չիմանալով մաքուր և անմաքուր (կենդանիների) մասին, անցյալ տարվանից կամ հնուց փողոցում ընկած ոսկորները վերցնում էին, դնում քարի վրա, քարով փոշի էին դարձնում և գցում բերանները և հոգոց հանելով հառաչում էին։ Նաև հնացած կաշե փոկ, մաշված տրեխ դնում էին խեցու կտորի վրա եփոցին, վերցնում ուտում էին։ Վա՜յ տեսողությանս, եղբայրներ։ Երբ գարունը եկավ, աղքատները սփռվեցին դաշտերը, սևացած մարմնով որպես այծերի ու ոչխարների հոտեր ուտելով վայրի բանջարներ և կանաչ խոտեր՝ չէին հագենում, քանզի սով էր իջել երկրի վրա և ոչնչացել հացի բերքը ըստ մարգարեի[1]։ Մանավանդ մեռնում էին ուռած գլուխներից, ոմանք արոտատեղերում, որ չէին կարողանում վերադառնալ, ոմանք էլ, գալով գյուղամեջ, պատերի տակ և ավերակ տների անկյուններում էին մեռնում։ Եթե որևէ մեկը լինում էր աստծուց երկյուղած, առնում էր դիակներից ինը-տասը և էլ ավելի գցում էր փոսի կամ հորի մեջ և հողը փլցնում էր վրաները, ծածկում, եթե ոչ, մնում էին անթաղ։ Շատերը լսում էին, թե այսինչ տանուտերերի կամ հարուստի որդին է մեռել, և նրա դիակը
- ↑ Դ. թագաորաց Ը 1: