Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա այնինչ տեղում է: Նրա սիրելիներից ու ծանոթներից շատերը լսելով՝ իրենց եղուկ ու վայ էին ասում, իսկ թաղելը թողնում էին վաղվան, վաղն էլ՝ մյուս օրվան չափազանց ձանձրույթի պատճառով։ Դարձյալ ոմանք լսում էին, թե այն դիակը գազանները պատառոտել, ու ոսկորները ցրել են. այս լսելով անտարբեր էին մնում, և այսպես մնում էր անթաղ։

Վայ թշվառականիս և պատմությանս, եղբայրներ, քանզի շատերը զազիր շների ու կատուների պիղծ մսից կերել են, նաև մարդկանց մարմիններից։ Քանզի Ամարասի սահմաններում Վարանդի և Դիզակի երկրի մի գյուղում ոմն հարուստի միամոր յոթ տարեկան որդուն այրի կանայք մերձակա գյուղերից հավաքվելով և բնակվելով հարուստի տան մոտ և կերակրվելով ըստ դիպվածի հարուստի տնից՝ մի օր խաբելով տղային իրենց տուն են կանչում և սպանելով մի ոտքը անդամների հետ ուտում են։ Երեկոյան ծնողները տղային որոնելով՝ գտնվում են այրի կանանց տանը իրենց տղայի կիսակտուր դիակը։ Նաև լսեցինք, թե մի ծեր մարդ իր դստեր մարմինը կերել է միևնույն երկրում։ Ամենուրեք այսպես եղավ սովի տառապանքը 1028 և 1029 [1579 և 1580] թվականներին։

Վայ ինձ՝ պատժապարտիս, որովհետև մահով, սրով և սովով կոտորված մարդկանց մարմիններից գազանները այնքան էին կերել, մինչև իսկ անբան շները վայրենացել, շենից դուրս կենդանի մարդիկ էին որսում։ Իսկ գայլերը ճանապարհին, նաև շենամիջում մտնում էին տները, քնած մարդկանց դուրս էին քաշում և ուտում։ Մտնում էին հոտերի մեջ, հովվին ուտում էին, իսկ հոտերին չէին վնասում։ Եվ մահով, սովով ու սրով մեռածների ու գերվածների թիվը չեմ կարող ճշտել և գրի առնել, բայց իմ թղթերը և թանաքները ձեր առջև եմ փռում ըստ Դավթի դպիրների, որ Երուսաղեմի ժամանակ էր։

Իսկ 1032 [1583] թվականին Մուրադ խոնդկարի կողմից հրաման արձակվեց իր զորապետներին ու զորքերին գնալ Երևանի վրա և գրավել այն։ Հենց եկան ավերեցին․ բազմաթիվ