Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենը ավարեց։ Բերդ շինեց, սակայն չհասցրեց բերդի ավարտին, այնտեղ սատկեց՝ արժանի չլինելով այս աշխարհում իր թագավորից հաղթության համար գովք լսելու, իսկ հանդերձյալում իբրև նրա համար հատուցում ամենքին դատողին է հայտնի։ Իսկ մյուս իշխաններից ու գլխավորներից բազմաթիվ պատերազմներով դեմ կանգնեցին կարմրագլուխներին [ղզըլբաշներին], բերդը ավարտեցին և այնտեղ զորքեր դրին ծառա անվանումով, իսկ սրանց զորապետ նշանակեցին Ջաֆար անունով մի ներքինու, իսկ իրենք դարձան իրենց տեղերը՝ տանելով իրենց հետ նրա անմաքուր շաղիղը։

Այսուհետև վերադառնանք կարմրագլուխների պատմության ընթացքին։ Այս ժամանակ նրանց թագավորն էր նախապես հիշատակված Խուդաբանդան, որը կռվեց Օսմանի զորքերի դեմ մեծ ջանքով, հաճախ տառապանքով, մեծ նեղությամբ, շատ օրերի պատերազմով և երկու կողմերի անչափ արյան հեղումով, բայց չկարողացավ խանգարել նրանց Թավրիզի բերդի շինության գործում։ Այն ժամանակ իշխանության ներքո ուներ Սև այգի կոչվածը [Ղարաբաղ], Գանձակը, որ Գանջան է։ Շահը գնացել էր այնտեղ իր Ամիրհամզա կոչված պատանի որդու հետ։ Զորաժողով եղավ բոլոր կարմրագլուխների Թավրիզի և Օսմանի զորքերի մասին ինչ-որ բան մտածելու համար։ Տիրատյաց կարմրագլուխները Խուդաբանդայի վերքերի վրա վերք ավելացրին, մանավանդ հենց իրենց [վերքերի վրա]՝ կրկնակի ու եռակի, այդ եղավ կրկին նրանց համար կոտորած, քանի որ շահի որդուն սրով գաղտնի սպանեցին, որովհետև թագավորի շուքը տղայի մեջ էր երևում, իսկ կարմրագլուխ պարսիկները նրանից խիստ վախենում էին։ Եվ երբ այս այսպես եղավ, պարսիկները ցրվեցին, ամեն մեկը չիմանալով իր տեղը, ինչպես բզկտված հոտ, որ հովիվ չունի։ Դրան ավելացրած օսմանցի Մուրադ թագավորի խրոխտ հրամանը, որ պատել էր նրանց, ինչպես ծովը պատում է կղզին։ Խուդաբանդա շահը ծանր հեծեծանքներով թախծոտ սրտով և տրտմությամբ լցված գնաց Խորասան իր մյուս որդի Աբասի մոտ, որին այնտեղ էր թողել իր Ատրպատական գալու ժամանակ, որ տիրի Խորասանին։ Նրան հասավ