Էջ:Arakel of Tabriz, History.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խուդաբանդան և քիչ տարիներ անց մեռավ՝ ոչ մի քաջություն իր ազգին ցույց չտալով այդ անարին։

Թագավորեց նրա որդի Աբասը նրա փոխարեն, որ շատ քաջ էր և պատերազմում հաղթող, որովհետև Գիլանը, որ Ջորջանեթն է, ապստամբել էր սրա հոր դեմ, Աբասը քաջությամբ նրանց իր իշխանության ենթարկեց։ Նաև Օզբեկ կոչվածը Բալխից ու Բուխարայից ելավ գրավեց Հեր քաղաքը և շահի վայրերից ուրիշ տեղեր գցեցին իրենց իշխանության տակ, երբ նա [Աբասը] Արդաբիլ էր գնացել իր հայրերի ու պապերի շիրիմների մոտ նվերներ ու ընծաներ բաշխելու։ Լսելով [այս բանը] վերադարձավ այնտեղից, գնաց Օզբեկի վրա, ոմանց կոտորեց, ոմանց փախցրեց և իր վայրերը դարձյալ գրավեց։ Նաև երկու-երեք անգամ զորք ուղարկեց նրանց վրա և հետո ինքը գնաց, նրանցից շատերին սպանեց ուժգին պատերազմով և նրանց թագավորի որդուն բռնեց, վերադարձավ իր տեղը՝ Ղազվին․ և այսպես նվաճեց նրանց։ Այժմ նրա իշխանությունը Խորասանից հասնում է մինչև Արտաբիլ և Արաքս գետը։

Իսկ 1037 [1588] թվականին դարձյալ հրաման արձակվեց Մուրադ խոնդկարի կողմից ոմն Ֆահրադ կոչվածի, որ Երևանը գրավել ու վերաշինել էր և Օսմանից առաջ ու Լալայից հետո արևելյան կողմերի զորապետն էր։ Այժմ վերստին նրա առաջվա իշխանությունը շնորհեց նրան և ուղարկեց Գանձակի վրա՝ հեռացնելու սակավ մնացած կարմրագլուխներին, որոնք այնտեղ էին, և նրա մեջ բերդ շինելու և վերադառնալու։ Նա եկավ ծանր զորքով և արեց խոնդկարի հրամանի համաձայն, վռնդեց, քշեց, հեռացրեց, հեռու վանեց, առանձնացրեց, զատեց, տարաժամեց, հալածեց, փախստական դարձրեց, վտարեց, մեկուսացրեց և ինքը հետամտելով մինչև Արաքս գետը՝ շատերին գերեց, որոնց սրո ճարակ արեց, շատերին նաև գետահեղձ դարձրեց, իսկ ինքը վերադարձավ Գանձակում բերդ շինեց և այնտեղ զորք դրեց ըստ իրենց օրենքի ծառա կոչումով, վերադարձավ իր կայսրի մոտ։

Իսկ երբ Շահ-Աբասը տեսավ այս ամեն եղածները իր երկրի մոտերքում, երկյուղեց իր հայրերի ու պապերի շիրիմի համար, գուցե թե Արտաբիլը գրավեն, էլ ավելի ներս