Էջ:Arakel of Tabriz, History.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալով շտապեն դեպի պարսիկները, դեսպաններ ուղարկեց, պատվիրակութուն առաքեց Մուրադ խոնդկարի մոտ համոզելու նրան խաղաղության և միմյանց հետ բարեկամություն անելու համար, բայց գոռոզը այս բանը չլսեց, պատանդներ պահանջեց նրանից։ Շահ-Աբասը կրկին ուղարկեց իր եղբորորդուն մեծ իշխան դայակի և երկու հարյուր զինակիր սպասավորների հետ խոնդկարի մոտ, այնտեղ Կոստանդնուպոլսում պատանդ մնալու․ իրենց միջև խաղաղություն եղավ։

Եվ 1044 (1595) թվականին մեռավ Մուրադ խոնդկարը, թագավորեց սուլթան Մահմեդը իր որդու հետ։ Այս Մահմեդի օրերում ֆռանկները, որ կոչվում են մաջառներ, բազմաթիվ նվերով ծով դուրս եկան, և սրանց միջև պատերազմ եղավ հինգ տարի և ամեն տարի միմյանց դեմ դուրս են գալիս ուժգին պատերազմով և իրար կոտորելով, ինչպես տապարավորներն ու կացնավորները անտառն են հատում՝ սպանելով միմյանց հրով ու սրով։ Եվ հաջորդ տարին երկու կողմերից օգնական զորք է հանվում իրենց արքաների միջոցով, և լինում է նոր նորոգված պատերազմ․ հաջորդ տարին կրկնակի ուժեղ քան առաջին տարին։

1049 [1600] թվականին, երբ մենք կանք, այսպես է, իսկ ապագան տեր աստծուն է հայտնի, թե ինչ է լինելու այն ժամանակ, որ կողմին է պարտություն տալու և որ կողմին հաղթություն, որովհետև գրված է. «Ոչ թե իր ուժով է զորեղանում ուժեղը, այլ տերը իր հակառակորդներին տկար է դարձնում[1]։ Տերը սուրբ է և նա իր խաչի հավատացյալներին կարող է անում»։

Այժմ դարձյալ կրկնենք վրաց Սիմոն թագավորի մասին, թե ինչ եղավ, քանզի երբ Սիմոնը Լալայից փախավ, գնաց իր երկրի ինչ-որ անկյուն և բնակվում էր անտառներում, կապանատեղերում և սրտով խոցված էր իր երկրի գրավման համար, բայց միջոց չէր կարողանում գտնել, իր փոքրավոր խրոխտության դեմ սպասում էր, սպասում էր աստծու խնամքին։ Պատգամներ էր հղում, հարկեր է խոստանում Մուրադին

  1. Ա․ Թագ․ Բ 9։